Հարցազրույց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ

– Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարինա Զախարովայի հայտարարությունը, որում նա առանձին շեշտում է Արցախի Հանրապետությունում բնակվող մարդկանց ապագան։ Նա մասնավորապես ասել էր. «Ռուսաստանը՝ որպես ձևաչափի մասնակից, առավելագույնս անում է ամեն բան, որպեսզի փոխզիջում գտնվի: Իհարկե, ցանկալի է, որ այն հնարավորինս շուտ գտնվի, սակայն, ոչ ի վնաս երկու երկրի ժողովուրդների, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց ապագայի»:

– Կարծում եմ՝ դա արտահայտում է այն նոր միտումը, որը վերջին ժամանակներս կա, այսինքն՝ Ադրբեջանին տեղը դնելը։ Դա ակնհայտ երևում է։ Դուք հիշում եք՝ մայիսի 18-ի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, որտեղ հստակ ասվում է, թե ով է առաջինը կրակել, նաև՝ Զախարովայի այն ժամանակվա հայտարարությունը, Իրանի խոսնակի հայտարարությունը, որ Արցախի հարցը պետք է անպայման լուծվի՝ հաշվի առնելով այնտեղ ապրող ժողովրդի կարծիքը։ Այսպիսի հայտարարությունները, իրար հետևից, պատահական չեն լինում։ Ադրբեջանը լկտիացավ, լկտիության չափն ամեն օր ավելանում է, և նրանք ուզում են տեղը դնել։

Գիտե՞ք՝ շատ դժվար է այդպիսի երկրի, այդպիսի ղեկավարության հետ գործ ունենալ. լկտի, ոչ մի կանոն, պայմանավորվածություն չհարգող։ Այստեղ նույնիսկ երկրորդ պլան է գնում այն հարցը, թե Հայաստանը միջազգային հանրության համար կարևո՞ր է, թե՞ ոչ։ Այստեղ առաջին պլանում այն փաստն է, որ պետք է տեղը դնեն Ադրբեջանին։

– Ձեր գնահատմամբ՝ բավարա՞ր են ՌԴ-ի կողմից արվող քայլերը:

– Մենք ի՞նչ ենք սպասում Ռուսաստանից։ Պետք է մտածենք այդ մասին։ Բայց այն, որ այդ քայլը շատ լուրջ է, հստակ կարող եմ ասել։ Բավարա՞ր է դա, թե՞ ոչ, կախված է նրանից, թե ինչ ես սպասում Ռուսաստանից։ Այս փուլում այս հայտարարությունները բավական կարևոր ու բավարար քայլեր են։

– Զախարովան չի բացառել, որ մայիսի 20-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանի՝ Մոսկվա կատարելիք այցի շրջանակում, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը մի շարք միջազգային հարցերի շարքում կքննարկվի նաև ղարաբաղյան հիմնահարցը: Այդ քննարկումը կարո՞ղ է որևէ բան փոխել, թե՞ ոչ:

– Մենք միշտ ուզում ենք, որ արագ լուծում տան, բայց այն փաստը, որ իրենք կքննարկեն Արցախի հարցը, ինձ մոտ կասկած չի առաջացնում։ Դա կարևոր հարց է, նաև՝ Ֆրանսիայի նորընտիր նախագահի օրակարգում է։ Հիշում եք՝ մինչև ընտրությունները և ընտրություններից հետո էլ նա հայտարարեց, որ շատ ակտիվ կզբաղվի Արցախի հարցով։ Դա կարող է այս հանդիպման օրակարգում գլխավոր հարցը չլինել, բայց այն կլինի օրակարգում, կքննարկվի, և չեմ կարծում, թե մեզ համար բացասական երանգներ կլինեն։

– Շատերի գնահատմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցը տարածաշրջան և սպասվող հայտարարությունը լինելու է շատ ավելի կոշտ ու հասցեական, քան նախորդն էր: Արդարացվա՞ծ են նման սպասումները, և, եթե ևս մեկ նման հայտարարություն տարածվի՝ առանց պատժամիջոցների կիրառման, դա ի՞նչ կփոխի։

– Ընդունված ձև չէ՝ մյուս օրը սկսել պատժամիջոցներ կիրառել։ Միջազգային ընդունված ձև է՝ մի քանի անգամ դիմել տվյալ պետությանը։ Ես չեմ կարծում, որ այսօր պատժամիջոցների կիրառումն ուժեղ օրակարգային է, բայց ես սպասում եմ, որ, եթե Ադրբեջանն այսպիսի լկտի պահվածքը շարունակի, մյուս քայլը կլինի դատապարտումը։

Մայիսի 18-ին ֆիքսվեց, որ Ադրբեջանն առաջինն է կրակել։ Մյուս քայլը պատժամիջոց կիրառելը չէ, այլ դատապարտումը. դատապարտել նրանց ոչ կառուցողական դիրքորոշումը կամ զինադադարի խախտումը։

Նյութի աղբյուրը՝ 168.am