Արցախում հունվարի 16-ին հակառակորդի կրակոցներից զոհված Արայիկ Մատինյանը Լոռու մարզի Շնող համայնքից էր, բազմանդամ ընտանիքից, Մատինյանների 4 երեխաներից երկրորդը:

Արայիկն իրենից մեծ քույր ունի, ով այժմ Երեւանում ուսանող է: Նրանից փոքր երկու եղբայրները սովորում են գյուղի դպրոցի 10-րդ ու 9-րդ դասարաններում:

Համագյուղացիների խոսքով, ընտանիքում ոչ մեկը մշտական աշխատանք չունի: Մատինյանների հարեւանուհին՝ Աքսիանան ասում է. «Մինն էլ ա չեն աշխատում, ոչ հերը, ոչ մերը: Մեկ-մեկ հերը գնում է անտառում սրան նրան փետ անելիս քոմակ անում, էն էլ ոչ թողում են, ոչ էլ»:

Զինվորական ծառայության 1.5 տարվա ընթացքում Արայիկը երեք անգամ արձակուրդ է եկել: Վերջինն այս տարվա մայիսի 9-ին էր:

«Տեհանք եկավ՝ թռվռալեն»,- ժպտալով ասում է հարեւանուհին ու հիշում՝ ծառայության պայմաններից ու սննդից Արայիկը գոհ էր:

Գյուղում բոլորն Արայիկի մասին սիրով են խոսում. «Լավ երեխա էր շատ, ֆիզիկապես առողջ, ղոչաղ, շատ լավ երեխա էր: Բայց դե գնաց տենց կրակի եկավ»,- ասում է տիկին Աքսիանան ու վրդովվում,-««ինչեւ երբ պտի սենց շարունակվի: Մի օրումը որ չորս զոհ ըլնի, Հայաստանում էլ ի՞նչ ծնունդ կլնի, Հայաստանն էլ ի՞նչ կշատանա»:

«Աշխատասեր, ազնիվ, աշխույժ, կազմակերպչական ջիղով շատ լավ երեխա էր, միաժամանակ խիստ հայրենասեր, որ Ռուսաստանի Դաշնությունից ինքը վերադարձավ հանուն հայրենիքի պաշտպանության»,-ցավով նշում է մյուս հարեւանուհին՝ Էմմա Վերանյանն ու հիշում,- «Անտարբեր չէր ոչ մեկի նկատմամբ, յուրաքանչյուր գյուղացու հետ կանգնում էր, զրուցում էր, հարցնում էր որպիսությունը:Մարդիկ սոցիալապես ապահովված չէին, բայց շատ լավ էին դաստիարակել իրենց երեխաներին»:

Շնողի դպրոցի փոխտօրեն Մելանյա Մելիքսեթյանը Արայիկին ճանաչել է առաջին դասարանից: Ասում է՝ թեեւ առաջադիմությամբ աչքի չէր ընկնում, բայց շատ պատրաստակամ, նվիրված, ընկերասեր ու ակտիվ երեխա էր:

Տնօրենը հիշում է՝ Արայիկը դպրոցն ավարտելուց հետո չի հասցրել որեւէ տեղ ուսումը շարունակել: Մի քանի ամսով մեկնել է արերկիր՝ հորեղբոր մոտ աշխատելու ու ծնողների հոգսը կիսելու համար, ապա վերադարձել ու մեկնել ծառայության:

«Որպես ավագ որդի հոր հետ ընտանիքի հոգսը կիսում էր, հայրը լրիվ ապավինում էր իրեն»,- ասում է Մ. Մելիքսեթյանը, Մատինյաններին բնութագրելով որպես «չարքաշ կյանքով, իրենց քրտինքով ապրող ընտանիք»:

Արայիկի դասընկեր Հովնան Հակոբյանը ընկերոջ մասին խոսելիս հուզվում է։ «Շատ հավատարիմ, շատ թասիբով, շատ անձնանվեր, բոլոր լավ մարդկային բաներն իր մեջ կար»,- ասում է նա:

Ընկերոջ նպատակներից մեկի մասին լավատեղյակ է: Ասում է՝ Արայիկը սիրած աղջիկ ուներ, երազում էր ծառայությունն ավարտելուց հետո ընտանիք կազմել:

Հարազատներն ու ծանոթ-բարեկամները կորստին չեն հավատում:

«Գրամատ ունի պաչոտնի գեղապետարանից էլ, վայենկոմից էլ: Մի հատ էլ մեդալ են բերելու իրա հմար: Նախարարը տվել ա իրան: Դա մեզ պետք չի, մեր երեխեն ա մեզ պետք»,- վրդովված ասում է Արայիկի պապը՝ Վանիկ Մատինյանն ու հավելում,- ես էլի ունեմ երեխա բանակ ղրգելու, բայց չտեմ էլ թողա»:

Հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել էր հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետեւանքով մահացու վիրավորում էին ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) եւ Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):