Ադրբեջանում մեծ շուքով են ընդունել հայտնի ռուս կայսերապաշտ Ալեքսանդր Պրոխանովին, որին ընդունել են անձամբ նախագահն ու փոխնախագահը:
Պրոխանովը փառաբանական խոսքեր է շռայլել «արքայական» ամուսինների հասցեին՝ զուգահեռ գեներացնելով գաղափարը, որ Ադրբեջանը ռուսական կայսրության մաս է, իսկ Ադրբեջանն առանց Ռուսաստանի կորած է:
Ինչու՞ է Ալիեւը Պրոխանովին հյուր կանչել: Տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին պետք է ենթադրել, որ Ալիեւին շտապ պետք է եղել Մոսկվայի կայսերական հովանին: Առանց Ռուսաստանի Ադրբեջանը կարող է կորցնել ոչ միայն Ղարաբաղն ու Նախիջեւանը, այլ նաեւ պետականությունը:
Ալիեւն Ադրբեջանի պետականությանը սպառնալի՞ք է զգում: Դատելով Սիրիայում եւ Իրաքում տեղի ունեցողից եւ այն, ինչ կարող է տեղի ունենալ Թուրքիայում, Ալիեւը հավանաբար հաշվարկում է բոլոր տարբերակները: Ամենահավանականը տարածաշրջանի սահմանների վերաձեւման տարբերակն է:
Ըստ ամենայնի, միայն Ռուսական կայսրությունը կարող է փրկել Ադրբեջանը, եւ Ալիեւն օգնության է կանչել ռուսական իմպերիալիզմի գաղափարախոսներից մեկին: Ձեռքի հետ էլ ռուսական զենքի նոր խմբաքանակ է գնել՝ որպես կայսերական վարկի «գրավ»:
Հնարավոր է, Պրոխանովին Բաքու են գործուղել Մոսկվայից, որ հասկացնի Ալիեւին, որ Ադրբեջանի հարցերը միայն կայսրության շրջանակում կարող են լուծվել: Նույն բանի համար Ղարաբաղ են գործուղել ոչ պակաս կայսերական հայացքներ ունեցող, սակայն «ընդդիմադիր» Էդուարդ Լիմոնովին:
Ղարաբաղում նրան գրկաբաց են ընդունել՝ չնայած Լիմոնովն ամեն ինչ արել է, որ ցույց տա Ղարաբաղի պատկանելությունը Ռուսական կայսրությանը: Նա առաջնագիծ է գնացել, որ տեսնի Գյուլիստան գյուղը, որտեղ 200 տարի առաջ ստորագրվել է պայմանագիրը, որով Ղարաբաղը Պարսկաստանից անցել է Ռուսական կայսրությանը:
Լիմոնովը նաեւ հայտարարել է, որ Ղարաբաղը քրիստոնեական աշխարհի սահմանն է: Լիմոնովը հավանաբար ցանկացել է ասել «Ռուսական կայսրության սահման», սակայն չի ցանկացել «փչացնել տպավորությունը»:
Ռուսական կայսրությունը բարդ ժամանակներ է ապրում: Օրերս ռուսներն աշխարհի ամենաականավոր մարդ են անվանել Ստալինին: Փորձագետները հիշեցնում են, որ հենց Ստալինի օրոք է Ռուսական կայսրությունը սոցիալիստական ճամբար անվան տակ տարածվել մինչեւ Եվրոպայի կենտրոն, Ասիայում, Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայի գրեթե կեսում:
Սոցճանբարը փլվել է, սակայն կայսրությունը ողջ է եւ պատրաստ է օգնություն առաջարկել Ադրբեջանին:

http://www.lragir.am/index/arm/0/politics/view/156153