Ադրբեջանը վարձում է լոբբիստական եւ PR չորս ընկերություններ: Այս մասին իր հոդվածում գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշում է.

«Թուրքիայի կառավարության վարձած լոբբիստական եւ PR ընկերությունները բացահայելուց հետո, այժմ տեղեկացնում ենք Ադրբեջանի վարձած չորս համանման ընկերությունների մասին:

Դիտարկելով Ադրբեջանի նենգամիտ մոտեցումները արտաքին քաղաքականությանը, ես նկատեցի հետեւյալ պատկերը.

1) Ինչպիսի գործողություններ էլ որ ձեռնարկեն ամերիկահայերը իրենց հարցերի լուծման համար, Ադրբեջանը ձգտում է նմանակել նրանց եւ հակազդել Միացյալ Նահանգներում իր վարձու ընկերությունների միջոցով: Նախագահ Ալիեւն 2013 թ. իր ելույթում հայտարարեց, որ Ադրբեջանի «հիմնական թշնամին հայկական լոբբին է»: Նա նաեւ նշեց, որ «հայկական լոբբին օր ու գիշեր փորձում է զրպարտել Ադրբեջանին, վարկաբեկել նրա հեղինակությունը: Նրանք մեծ ֆինանսական ռեսուրսներ ունեն: Նրանք սերտորեն կապված են իրենց երկրների իշխանությունների հետ, որտեղ «լոբբինգի» անվան տակ նվիրատվություններ են անում օրենսդիրներին: Բայց իրականում դա կաշառք է: Այսպիսով, հայկական լոբբին մեր դեմ կազմակերպված պայքարի առաջատարն է»: Իր քննադատական ծավալուն ճառում, Ալիեւը կեղծորեն հայերին վերագրեց կաշառելու հետեւողական արշավն ամբողջ աշխարհում, որն իրականացվում է իր իսկ կառավարության կողմից:

2) Ադրբեջանը հետեւում է Թուրքիայի ավելի փորձառու պաշտոնյաների քայլերին Հայաստանի եւ հայկական հարցերի վերաբերյալ իր քաղաքականության մեջ, ներառյալ Հայոց ցեղասպանության ժխտումը եւ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից կատարված հանցագործությունների համար հայերին մեղադրելը: Ցավոք, Ադրբեջանը նաեւ նմանակում է Թուրքիային իր սեփական քաղաքացիներին ճնշելու հարցում՝ դժվարացնելով որոշել, թե այս երկու երկրներից որն է ավելի բռնատիրական:

3) Ադրբեջանի կառավարությունն ընդունելով, որ իր իմիջը մարդու իրավունքների խախտումների պատճառով վարկաբեկվել է Արեւմուտքում, վարձել է PR եւ լոբբիստական ընկերություններ իր բացասական հեղինակությունը մաքրազերծելու համար: Պետք էր ակնկալել, որ եթե վարչակարգն այդքան մտահոգ է արտասահմանում իր վատ համբավով, նա իր երկրում պիտի բարելավեր մարդու իրավունքները, ուստի անհրաժեշտ չէր լինի միլիոնավոր դոլարներ վատնել ամերիկյան ընկերությունների վրա՝ իր իմիջի մաքրման անհնարին գործն իրականացնելու համար: Ալիեւն 2013 թ. իր ելույթում Ադրբեջանը բաղձանքով նկարագրեց որպես «ժամանակակից, առաջադեմ, բաց, հանդուրժողական երկիր»: Ո՞վ կարող է խաբվել նման բացահայտ ստերով:

Ադրբեջանի կառավարությունը տարիներ շարունակ վարձել է տասնյակ PR եւ լոբբիստական ընկերություններ, սակայն այս պահին, նրա համար աշխատում են ընդամենը չորս նման ընկերություններ:

1) Podesta Group, Inc-ին Ադրբեջանը վճարում է ամսական 45 հազար դոլար. «[Ադրբեջանին] վերաբերող հարցերի ուսումնասիրության եւ վերլուծության համար. խորհրդատվություն [Ադրբեջանին] ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ, գործունեություն Կոնգրեսում եւ գործադիր ճյուղում եւ ընդհանուր առմամբ, ԱՄՆ քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ. անհրաժեշտության դեպքում կապերի հաստատում Կոնգրեսի անդամների, նրանց աշխատակազմերի եւ գործադիր ճյուղի պաշտոնյաների, լրատվամիջոցների եւ հասարակակական կազմակերպությունների հետ»:

2) SOCAR USA-ը (Ադրբեջանի պետական նավթընկերության ԱՄՆ դուստր ձեռնարկությունը) վճարում է Roberti White ՍՊԸ-ին 125 հազար դոլար «[Ադրբեջանին] վերաբերող հարցերի ուսումնասիրության եւ վերլուծության համար. խորհրդատվություն [Ադրբեջանին] ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ, գործունեություն Կոնգրեսում եւ գործադիր ճյուղում եւ ընդհանուր առմամբ, ԱՄՆ քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ. անհրաժեշտության դեպքում կապերի հաստատում Կոնգրեսի անդամների, նրանց աշխատակազմերի եւ գործադիր ճյուղի պաշտոնյաների, լրատվամիջոցների եւ հասարակակական կազմակերպությունների հետ»: Զարմանալի չէ, որ Roberti White-ի կատարած գործառույթները SOCAR USA-ի համար նույնն են, ինչ Podesta Group, Inc.-ինը Ադրբեջանի կառավարության համար:

3) Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը ամսական 50 հազար դոլար վճարում է BGR Government Affairs ՍՊԸ-ին, «ռազմավարական ուղղորդում եւ խորհրդատվություն տրամադրելու համար պետական գործերի եւ PR գործունեության առնչությամբ Միացյալ Նահանգներում: Սա է հարկ եղած մոտեցումը Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնատար անձանց, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ այլ անհատների Միացյալ Նահանգներում»:

4) Լոս Անջելեսում գտնվող Ադրբեջանի հյուպատոսությունը, 2009 թ. չորս ամիս ժամկետով, միանվագ 35 հազար դոլար վճարով վարձել է Tool Shed Group ընկերությանը, որի գլխավոր գրասենյակը սկզբում գտնվում էր Վուդլենդ Հիլզում, Կալիֆորնիա, իսկ այժմ՝ Պարկերում, Կոլորադո: Tool Shed Group-ն այժմ նաեւ ներկայացնում է Ադրբեջանի Հանրապետությունը: Այդ ժամանակից ի վեր պայմանագիրը թարմացվում է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ: Tool Shed-ը ղեկավարում է Ամերիկայի հրեական կոմիտեի հասարակայնության հետ կապերի նախկին տնօրեն Ջեյսոն Կացը: Tool Shed-ը տրամադրում է «խորհրդատվական ծառայություններ հյուպատոսությանը, ներառյալ ճեպազրույցների եւ դասախոսությունների կազմակերպում, հանդիպումների դյուրացում համայնքի անդամների, ընտրված եւ նշանակովի պաշտոնյաների, ձեռնարկությունների ղեկավարների հետ, «հեղինակային կարծիքների» շարադրում ու տարածում»:

Վերջերս, Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը տարածեց՝ «Լեռնային Ղարաբաղ. պատմություն եւ փաստեր» խորագրով մի գունավոր գրքույկ Լոս Անջելեսում գտնվող բոլոր հյուպատոսություններին, եւ հավանաբար շատ ուրիշների: Այս 16-էջանոց քարոզչական նյութը, լի Արցախի մասին խեղաթյուրումներով, ամենայն հավանականությամբ, պատրաստվել էր Ադրբեջանի եւ նրա հյուպատոսության PR եւ լոբբիստական ընկերության՝ Tool Shed Group-ի կողմից: 16-րդ էջի վերջում նշված է՝ «Հրատարակված է Ադրբեջանի հյուպատոսության կողմից Լոս Անջելեսում»: Հետաքրքիր է, որ այս նախադասության մեջ նշված չէ, թե ով է պատրաստել գրքույկը, այլ պարզապես, թե ով է հրատարակել այն…