Lragir.am-ը գրում է.

Մի օր կհրապարակվեն այդ բոլոր փաստաթղթերը, եւ կտեսնեք, որ դրանցում գրված է, որ Արցախը պետք է մասնակցի բուն խաղաղության պայմանագրի մշակմանն ու բանակցությանը, խորհրդարանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փաստորեն ակնարկում է առաջիկայում բանակցային գործընթացի կամ կարգավորման գործընթացի փաստաթղթային որոշակի գաղտնազերծման մասին: Համենայն դեպս ուշագրավ է, որ պատասխանելով պատգամավորի հարցին, Նալբանդյանը խոսում է մի օր փաստաթղթերի հրապարակման մասին, ոչ թե դրանցում արտացոլվածն իրականություն դառնալու:
Չի բացառվում, որ բանը Նալբանդյանի լեզվամտածողությունն է, որը հայերեն չէ: Սակայն համենայն դեպս տրամաբանական կլիներ, եթե նախարարը հայտարարեր, որ կգա ժամանակը, կսկսվի խաղաղության բուն պայմանագրի մշակումն ու բանակցումը, եւ կտեսնեք, որ դա չի լինելու առանց Արցախի մասնակցության:
Բայց Նալբանդյանը խոսում է այն մասին, որ «մի օր փաստաթղթերը կհրապարակվեն…»:
Հատկապես ինչ փաստաթղթերի մասին է խոսքը, դժվար է ասել: Արդյոք Կազանի պլանի կամ այսպես ասած Լավրովի պլանի, որն ինչպես մայիսի 18-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ սեղանին այս պահին գտնվող փաստաթուղթն է, առնվազն այն պատճառով, որ ի պահ տրված չէ ԵԱՀԿ քարտուղարությանը:
Այսինքն, արդյոք Նալբանդյանը հայտարարում է, որ մոտենում է կազանյան պլանին հրաժեշտի պահը:
Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի երկու տասնամյակում պարբերաբար հրապարակվել են բանակցային փաստաթղթեր: Որպես կանոն, դրանց հրապարակումը ինքնըստինքյան ենթադրել է «անվավեր ճանաչում»: Այսինքն, գաղտնազերծվել է այն, ինչն այլեւս դուրս է բերվել շրջանառությունից: Այդպես անցել են մի քանի տարբերակներ, սկզբունքներ: Հերթն այժմ հասել է թերեւս սեղանի վերջին փաստաթղթին՝ կազանյան պլանին, որի «մի օր հրապարակումը» գուցե ազդարարում է արտգործնախարար Նալբանդյանը:
Ի՞նչ է հաջորդելու դրան: Նախկինում գաղտնազերծումներին, այսպես ասած եղած պլանները արխիվ ուղարկելուն հաջորդել են նոր առաջարկներ: Այդպես է հերթը հասել Կազանին: Ըստ այդմ, եթե Կազանն էլ ուղարկվի «պատմության գիրկը», ի՞նչ է հաջորդելու դրան՝ որեւէ նո՞ր առաջարկ, որի հիմքում երկու տասնամյակ գոյություն ունեցող տրամաբանությունն է՝ տարածք կարգավիճակի դիմաց: Միջանկյալ կամ հաստատուն կարգավիճակի՝ սկզբունքորեն էական չէ, քանի որ երկու դեպքում էլ խոսքը փակուղային տրամաբանության մասին է:
Եվ միջնորդ համանախագահները թերեւս համոզվել են դրանում: Ըստ այդմ, փոփոխության կարիք ունեն ոչ թե դետալները, այլ սկզբունքը: Երեւա՞նն է փորձելու հասնել դրան, թե՞ համանախագահները: Կամ գուցե համատեղ ջանքով:
Համենայն դեպս, սկզբունքային փոփոխության ուրվագիծը դառնում է ավելի ու ավելի տեսանելի: Եթե դրա առանցքում հրադադարի պահպանման մեխանիզմների ամրագրումն է՝ խախտման համար պատասխանատվությամբ, ապա անցումը նոր իրավիճակի կլինի իսկապես բեկումնային՝ կայունության ամրապնդման առավել բարձր երաշխիքով, եւ թերեւս ինչն առավել կարեւոր է՝ տարածաշրջանային անվտանգության համակարգի վերափոխման շրջադարձային կետի ամրագրումով:
Բայց այստեղ խնդիրը աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների միջեւ հարաբերությունն է, եւ արդյոք ԱՄՆ, Ֆրանսիան ու Ռուսաստանը եկել են այդօրինակ սկզբունքային փոփոխության ընդհանուր հայտարարի:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am