Ադրբեջանական արկակոծության հետեւանքով այսօր բեկորային վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը ծանր է:

NEWS.am-ի տեղեկություններով, այդ զինծառայողը վիրավորում է ստացել գլխի շրջանում, Ստեփանակերտում վիրահատվել է: Մյուս զինծառայողներից մեկը վիրավորում է ստացել ոտքի շրջանում, վիճակը բավարար է, երրորդ զինծառայողը դեռ հետազոտվում է:

Ըստ Արցախի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության՝ հուլիսի 7-ի առավոտվանից սկսած հակառակորդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր:

Ադրբեջանական զինուժի արկակոծության արդյունքում՝ տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերն իրականացնում են պատասխան գործողություններ: