Ռուսաստանից ժամանակակից սպառազինության հերթական խմբաքանակն է մատակարարվել Ադրբեջան՝ երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանավորվածության համաձայն: Այդ մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության կայքը:

Ինչպես գրում է գործակալությունը, շարունակվում է Ադրբեջան ռուսական արտադրության ժամանակակից ռազմատեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և այլ ռազմատեխնիկական սարքավորումների մատակարարման գործընթացը:

Բաքվի նավահանգիստ են հասել մեծ քանակությամբ արկեր, հրթիռներ և այլ ռազմական սարքավորումներ՝ նախատեսված համապատասխան հրթիռահրետանային համակարգերով ռազմական միջոցների, ինժեներական կառույցների, կենդանի ուժի և այլ օբյեկտների ճշգրիտ և տարածական խոցման համար:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին հաղորդվել է, որ Ռուսաստանից նոր ռազմատեխնիկա է մատակարարվել Ադրբեջան՝ միջկառավարական համաձայնագրի և Ադրբեջանի ու Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում: