Ձերբակալվել է «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտային տարածքի անտառապահներից մեկը՝ Սամվել Կարապետյանը: Որքան էլ զարմանալի է նրա ձերբակալման հիմք է հանդիսացել որսագողությունը: Այսինքն, հատուկ պահպանվող տարածքի աշխատակիցը, ում նպատակն է հակաօրենսդրական գործունեության կանխարգելումը, անձամբ է խախտում օրենքը:

Վայոց ձորի մարզի ոստիկանության վարչությունից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ Սամվել Կարապետյանի դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նախնական քննությունը դեռ ընթանում է և արդյունքը հայտնի կլինի օրերս: Սամվել Կարապետյանը կասկածվում է ձկնագողության մեջ: Ըստ մեր տեղեկությունների, խոսքը գնում է էլեկտրական լարման միջոցով 70 հատ ձուկ որսալու մասին: Սամվել Կարապետյանը հատել է Նախիջևանի սահմանը և ձկների անօրինական որս իրականացրել:

Ըստ մեր տեղեկությունների, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպանի և ՀՀ բնապահպանության նախարարի դեպի Նորավանքի կիրճ օրերս տեղի ունեցած այցելության ընթացքում նրանց ուղեկցել է նույն Սամվել Կարապետյանը:

 «Գնիշիկ» միջհամայնքային բնապահպանական հիմնադրամի մասին.

«Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտային տարածքը ստեղծվել է «Գնիշիկ» միջհամայնքային բնապահպանական հիմնադրամի կողմից՝ միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ: Այն գործում է Վայոց ձորի մարզում: UNDP in Armenia և WWF-ը ֆինանսավորում են հիմնադրամի Գնիշիկ պահպանվող լանդշաֆտի ստեղծման ծրագիրը: