«Ատլետիկո Մադրիդն»   իսպանական ֆուտբոլային ակումբ է ՝ Մադրիդից։ Հիմնադրվել է 1903 թվականի ապրիլի 26-ին՝ բասկ ուսանողների կողմից, որոնք սովորում էին Մադրիդում։ 

Այս ակումբն անվանում են "Los Colchoneros" (Մատրասնիկներ)`  իր մարզաշապիկի կարմիր և սպիտակ գծերի համար։ Մադրիդի «Ատլետիկոյի» հիմնական մարզաշապիկը հիմնադրման օրից կապույտ-սպիտակ էր։ Այն ժառանգվել էր թիմի մայր ակումբից՝ Բիլբաոյի «Ատլետիկից»։ 1911 թվականին մադրիդցիները փոխեցին իրենց խաղաշապիկի գույները։ Ամեն ինչ սկսվեց ակումբի ղեկավարներից մեկի՝ Խոան Էլորդույի Անգլիա կատարած ճամփորդությունից։ Անգլիայից նա պիտի «Ատլետիկի» և «Ատլետիկոյի» համար բերեր «Բլեքբերն Ռովերսի» կապույտ-սպիտակ մարզաշապիկը։ Խոան Էլորդուն շուտով լուրջ խնդրի առաջ կանգնեց։ «Բլեքբերն Ռովերսի» մարզաշապիկներից բավական քանակությամբ չգտնվեց ու քանի որ կողմնորոշվելու համար քիչ ժամանակ էր մնում, Էլորդուն վերցրեց այն ամենը ինչ գտավ՝ «Սաութհեմփթոնի» կարմիր-սպիտակ մարզաշապիկը։ Այդ օրվանից Մադրիդի «Ատլետիկոն» ունեցավ իր գույները։

«Ատլետիկոն» 21-րդ դարում իր վերելքն ապրեց այն ժամանակ, երբ թիմը 2011 թվականին գլխավորեց Դիեգո Սիմեոնեն։ Ակումբը 2012 թվականի մայիսի 9-ին հաղթեց ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգան՝ պարտության մատնելով Ատլետիկ Բիլբաոյին 3-0 հաշվով։ Նույն թվականի օգոստոսի 31-ին Ատլետիկոն հաղթեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը` 4-1 հաշվով հաղթելով Չելսիին։ 2013 թվականի մայիսի 17-ին Սիմեոնեի շնորհիվ Ատլետիկոն նվաճեց Իսպանիայի գավաթը՝ հաղթելով Ռեալ Մադրիդին 2-1 հաշվով, այն էլ Ռեալի մարզադաշտում։ Սիմեոնեի ղեկավարությամբ 2012-13 մրցաշրջանում Ատլետիկոն առաջնությունը ավարտեց երրորդ տեղում։ Սիմեոնեն 2014 թվականին Չեմպիոնների Լիգայում թիմը 40 տարվա ընդմիջումից հետո կարողացավ դուրս բերել կիսաեզրափակիչ` հաղթելով Բարսելոնային։ Կիսաեզրափակչում Ատլետիկոն, ընդհանուր 3-1 հաշվով հաղթելով Չելսիին, կարողացավ դուրս գալ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ՝  իր պատմության մեջ երկրորդ անգամ։ 

Այսօր էլ «Ատլետիկոն» գլխավորում  է  Դիեգո Սիմեոնեն։ Ակումբի նախագահը Էնրիկե Սերեսոն է, մարզադաշտը՝  Վիսենտե Կալդերոնը, որը տեղավորում է 54.851 հանդիսական։