Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող Եվրոպայի առաջնության 98 կգ քաշային կարգի եզրափակիչում Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 0:4 հաշվով պարտվեց ռուս Նիկիտա Մելնիկովին, ով երրորդ անգամ անընդմեջ եզրափակչում հաղթեց գյումրեցի ըմբիշին:

Հայազգի 24-ամյա ըմբիշը պայքարն սկսել էր 1/8 եզրափակչից՝ 8:0 հաշվով հաղթելով ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյին: Քառորդ եզրափակչում նա 6:2 հաշվով պարտության էր մատնել ավստրիացի Դանիել Գաստլին, իսկ կիսաեզրափակչում ուժեղ էր գտնվել թուրք Ջենկ Իլդեմից՝ 6:2:

Հիշեցնենք, որ երեկ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ էր նվաճել նաև 32-ամյա Ռոման Ամոյանը, ով 59 կգ քաշային կարգի եզրափակչում ժամանակից շուտ 0:8 հաշվով պարտվեց ռուսաստանցի Մինգիյան Սեմյոնովին՝ չորրորդ անգամ դառնալով մայրցամաքի փոխչեմպիոն:

Եվրոպայի առաջնության առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ էին մտել նաև Միհրան Հարությունյանը (66 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ), ովքեր մեդալ չէին նվաճել:

Այսօր՝ մարտի 13-ին, Եվրոպայի առաջնության վերջին օրը, Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան նաև Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Ռաֆայել Մանուկյանը (80 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (85 կգ):