Ասում են՝ առողջ մարմնում՝ առողջ հոգի։ Երևի հենց այս նշանաբանով է առաջնորդվում Նունեն, ով տնից աշխատավայր ընկած երկար ճանապարհն անցնելու համար ընտրել է հեծանիվը՝ համատեղելով մատչելին ու առողջարարը։

 

- Հեծանվասպորտը Ձեզ համար սիրողակա՞ն, թե՞ պրոֆեսիոնալ զբաղմունք է, և արդեն որքա՞ն ժամանակ։

- Հեծանվասպորտն ինձ համար սիրողական զբաղմունք է, հոբբի, հետո նաև հարմար է՝ որպես փոխադրամիջոց: Զուտ ժամանակի սղության պատճառով չեմ հասցնում ավելի պրոֆեսիոնալ մակարդակի վրա հասցնել: Սակայն գրեթե ամեն շաբաթ մասնակցում եմ հեծանվային արշավների, որոնց նպատակն է զարգացնել հեծանվասպորտը Հայաստանում, և ինչու՞ չէ, նաև այցելել տեսարժան վայրեր, որոնք, շատ ժամանակ, մեքենայի համար անհասանելի են: Արշավորդների խմբում, բնականաբար, կան պրոֆեսիոնալներ, ումից անընդհատ կարելի է սովորել։

- Դժվար չէ՞ պրոֆեսիոնալների հետ այդքան երկար արշավների մասնակցելը և բժշկական տեսանկյունից արդյոք թույլատրելի՞ է։

- Դժվար է, եթե լավ մարզավիճակում չես գտնվում: Երկար ժամանակ չքշելուց հետո պետք չի միանգամից մկանները ծանրաբեռնել. այ այդ ժամանակ, ինչ խոսք, բարդ կլինի: Իսկ միշտ մարզվելու, պարբերաբար հեծանիվ քշելու դեպքում շատ հեշտ է պահպանել լավ մարզավիճակը և հաղթահարել ավելի մեծ հեռավորություններ և բարդություններ:
Իսկ ինչ վերաբերում է առողջությանը, ապա «կանոններին» հետևելու դեպքում ոչ միայն թույլատրվում է, այլև խրախուսելի է: Գոյություն ունեն որոշակի չափանիշներ՝ հեծանիվի ընտրություն, նստարանի ընտրություն, պտույտների արագություն, մարմնի դիրք և այլն: Այժմ շատ մեծ աշխատանքներ են տարվում ոլորտը Հայաստանում զարգացնելու ուղղությամբ և բավականին օգտակար նյութեր են հրապարակվում տարբեր բլոգներում, որոնց հետևելով ռիսկերը նվազագույնի կհասցվեն։

- Իսկ տանն ինչպե՞ս արձագանքեցին Ձեր՝ այս սպորտաձևով զբաղվելու որոշմանը։ Եթե հաշվի առնենք Երևանում երևեկության ներկայիս վիճակը, կարելի ասել, որ հեծանիվի ղեկին նստելու որոշումը, հատկապես աղջիկներից, մեծ քաջություն է պահանջում։

- Նման խնդրի, հատկապես հայաստանյան իրականության մեջ, կարծում եմ շատերն են բախվել: Մեր տանն էլ, բնականաբար, այդ խնդիրը կար ու բավականին լուրջ: Էստեղ ոչ թե «Աղջիկն ուր, հեծանիվ քշելն ուր...» կարծրատիպն էր, այլ զուտ ծնողական անհանգստություն: Սակայն իմ, ինչպես հայրս է սիրում ասել, «պնդաճակատության» շնորհիվ միակ բանը, որ ինձ ասում են հեծանիվով տանից դուրս գալուց առաջ, «զգույշ կլինես» արտահայտությունն է։

- Վերջերս քաղաքում շատացել են աղջիկ հեծանվորդները։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է դա պայմանավորված. առողջ ապրելակե՞րպն է դրդապատճառը, թե՞ տղաները սիրում են հեծանիվ վարող աղջիկների։

- Ոչ միայն աղջիկ, այլ ընդհանրապես հեծանվորդների թիվն է ավելացել: Ես դա կվերագրեի մարդկանց, և հատկապես, վարորդների ընկալման և հեծանվորդների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությանը: Ինչպես նաև անգնահատելի են հեծանվային ֆեդերացիայի, ինչպես նաև սիրողական հեծանվային ակումբների ներդրած ջանքերը՝ ոլորտի զարգացման գործում: Օրինակ՝ մեր խմբի՝ Velo Club-ի կիրակնօրյա հեծանվային արշավներին աղջիկ հեծանվորդների թիվն ամեն շաբաթ աճում է, ինչը կապված է վստահության, անվտանգության զգացողության հետ:

- Ե՞րբ և ինչպե՞ս եք ձեռք բերել Ձեր առաջին հեծանիվը։

- Անկեղծ ասած, մանկության տարիներին ես երբեք հեծանիվ չեմ ունեցել (նույն ծնողական վախի և անհանգստության պատճառով), բայց միշտ հեծանիվ եմ քշել: Մեր բակի տղաները, կարծես լուռ համաձայնությամբ, գիտեին, որ ամեն անգամ ինձ տեսնելիս կամավոր կամ սեփական կամքին հակառակ պիտի ինձ տային իրենց հեծանիվը.. գիտեմ, չարաճճի երեխա եմ եղել)) Իսկ արդեն իմ սեփական հեծանիվը գնել եմ մոտ 3-4 տարի առաջ, երբ, ինչպես արդեն նշեցի, սկսեցի ավելի լուրջ զբաղվել հեծանվասպորտով:

- Կա՞ն սպիներ, որոնք հետագայում կհիշեցնեն Ձեզ, որ ժամանակին հեծանիվ եք վարել։

- Ողջ հեծանվային «կարիերայիս» ընթացքում ընդամենը երկու անգամ եմ ընկել, երկուսն էլ նույն օրվա մեջ ու երկուսն էլ իմ մեղքով (անսարք վիճակում գտնվող հեծանիվ վարելիս): Վնասվածքներ ահագին ստացա, բայց հետևանքներ, անգամ սպիների տեսքով, չմնացին։

- Այլ սպորտաձևով զբաղվե՞լ եք կամ կցանկանայի՞ք զբաղվել։

- Սպորտով զբաղվել, ընդհանրապես, շատ եմ սիրում: Փոքր տարիքում զբաղվել եմ բասկետբոլով, բայց չեմ շարունակել: Իսկ այ մեծ տարիքում հիմնականում նախընտրում եմ անհատական մարզումները, ասենք, ֆիթնես, լող և, իհարկե, հեծանվասպորտը:

 

Մարիամ Նալբանդյան