Վաղը՝ մարտի 25-ին, ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը: 

Հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու համար այն կլինի նաև հրաժեշտի խաղը Հայաստանի ազգային հավաքականի կազմում: 

1994թ. Ռոման Բերեզովսկին հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական և սեպտեմբերի 6-ին մասնակցել Բելգիայի դեմ Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի հանդիպմանը։ Ընդհանուր առմամբ երիտասարդական հավաքականում մասնակցել է 8 հանդիպման։

Ազգային հավաքականում իր նորամուտը Բերեզովսկին նշել է 1996թ. օգոստոսի 31-ին՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային՝ Պորտուգալիայի հավաքականի դեմ Երևանյան խաղին։ Մինչ այժմ ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնության չորս ( 2000, 2004, 2008, 2012) և աշխարհի առաջնության հինգ (1998, 2002, 2006, 2010, 2014) ընտրական փուլերին։

Անցկացրած խաղերի քանակով Հայաստանի հավաքականի դարպասապահների ռեկորդակիրն է (71 խաղ)։

Դարպասապահն իր կարիերան սկսել է Երևանի «Կոշկագործ» (հետագայում՝ «Շենգավիթ») ֆուտբոլային ակումբում, որի կազմում 1991թ. մասնակցել է ԽՍՀՄ 2-րդ խմբի Բ մրցաշարին։

Հայաստանի անկախացումից հետո՝ 1992թ.-ին, «Շենգավիթ» թիմի կազմում մասնակցել է Հայաստանի անդրանիկ առաջնությանը։ 1992թ. ամռանը տեղափոխվել է «Սյունիք», որտեղ հանդես է եկել մինչև տարեվերջ։ Պատերազմի և ֆինանսական ծանր պայմանների պատճառով «Սյունիք» ֆուտբոլային ակումբը 1993թ. հրաժարվել է մասնակցել առաջնությանը և լուծարվել է, իսկ Ռոման Բերեզովսկին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ։

1993թ.-ին հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի «Կոսմոս-Կիրովեց» թիմում, որը մասնակցում էր Ռուսաստանի 2-րդ խմբի առաջնությանը։ 1994թ.-ին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ», որտեղ հանդես է եկել մինչև 2000թ. ավարտը։ Այդ ընթացքում 1997թ.-ին ճանանչվել է Ռուսաստանի լավագույն դարպասապահ, իսկ 1998թ. դարձել Ռուսաստանի գավաթակիր։

2001թ.-ին տեղափոխվել է Մոսկվայի «Տորպեդո»։ Մեկ տարի անց տեղափոխվել է Մոսկվայի մեկ այլ ակումբ՝ «Դինամո», որտեղ հանդես է եկել մինչև 2005թ.-ի ավարտը։ 2006թ. տեղափոխվել է մերձմոսկովյան «Խիմկի»։ 2012թ. փետրվարին վերադարձել է Մոսկվայի «Դինամո», որտեղ հանդես է գալիս մինչ այժմ։

2011 թվականին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։

 

Մարիամ Նալբանդյան