ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հունիսի 4-ին ներկա է գտնվել շախմատի վետերանների Եվրոպայի 16-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությանը:
Մինչ արարողության մեկնարկը նախարար Գաբրիել Ղազարյանը, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, կանանց աշխարհի 5-րդ չեմպիոն Նոնա Գափրինդաշվիլին և առաջնության մասնակիցները ծաղիկներ են դրել Տիգրան Պետրոսյանի կիսանդրուն և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

Նախարարը ողջունել է ներկաներին և խոսել այն պատասխանատվության մասին, որով Երևանն ընդունել է Եվրոպայի շախմատի վետերանների առաջնության մասնակիցներին: «Հայ շախմատիստներն աշխարհին ապացուցել են, որ Հայաստանի Հանրապետությունը շախմատային գերտերություն է: Տղամարդկանց մեր հավաքականը մի քանի անգամ դարձել է համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն: Միջազգային մրցաշարերում ավանդաբար հաջող են հանդես գալիս նաև շախմատի հայ վետերանները»,- ասել է նախարարը և բոլորին մաղթել ականատեսը լինել հետաքրքիր և դիտարժան պարտիաների:

Նշենք, որ ավելի վաղ Yerevannews.am -ը տեղեկացրել էր, որ Առաջնությունը Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ և տևելու է մինչև հունիսի 14-ը Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը: Մրցաշարին մասնակցելու համար Երևան են ժամանել 18 երկրների շուրջ 100 շախմատիստներ:

Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով երկու տարիքային խմբերում՝ 50-ից մինչև 65 տարեկաններ և 65 տարեկաններ ու բարձր: