Լոնդոն-2012-ի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը և ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը քիչ առաջ հանդիպել են լրագրողների հետ:

Օրեր առաջ Միջազգային Օլիմպիական Կոմիտեն պահանջել էր ՀԱՕԿ-ից որքան հնարավոր է շուտ վերադարձնել 29-ամյա մարզուհու մեդալը` կապված նրա արյան մեջ դոպինգ հայտնաբերելու հետ:

«ՄՕԿ-ը հայտարարել է, որ Հռիփսիմեն պատրավոր է վերադարձնել մեդալը, սակայն դեռ հայտնի չէ, թե երբ կամ ում: Չենք պատրաստվում բողոքարկել այդ որոշումը: Պատասխանել ենք ՄՕԿ-ին, որ համաձայն եք լաբորատորիայի արդյունքների հետ:

Տեստեստերոնի մակարդակը բարձրացնելու համար բոլորն էլ օգտագործում են դոպինգ, սակայն մրցումներից 3-4 ամիս առաջ պետք է դադարեցնեն դրա օգտագործումը: Ինչ վերաբերում է Խուրշուդյանի որակազրկմանը, ապա այդ հարցը պետք է քննարկվի ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում: Հնարավոր է, որ Հռիփսիմեն չորակազրկվի, այլ միակ պատիժը լինի մեդալը վերադարձնելը»,- ասել է Փաշիկ Ալավերդյանը:

Իր հերթին էլ Հռիփսիմե Խուրշուդյանը հայտնեց, որ շարունակելու մարզվել այնքան ժամանակ, քանի դեռ հայտնի չեն որակազրկման ժամկետները:

Բացի այդ, հայ ծանրորդուհին դժգոհեց այն փաստից, որ հայկական կայքերում իր մասին վատ լուրեր են տարածվում:

«Շարունակելու եմ մարզվել այնքան ժամանակ, քանի դեռ հայտնի չեն որակազրկման ժամկետները: Չեմ կարող ասել, թե ինչ որոշում կկայացվի. եթե որակազրկումը խելամիտ ժամկետով լինի, ապա կշարունակեմ ելույթներս, եթե ոչ, ապա կավարտեմ կարիերաս: Եթե իմ որոշումը լիներ, ապա չէի վերադարձնի մեդալը, սակայն եթե օրենքը պարտադրում է, պարտավոր եմ անել դա:

Անկեղծ լինելու համար կասեմ, որ այսօր ծանրամարտում բոլորն էլ օգտագործում են ինչ-որ նյութեր: Եթե բոլորը «մաքուր» լինեն, նրանց հավասար արդյունքներ ցույց կտամ:

Ցավում եմ, որ լրագրողները միայն վատ լուրեր են տարածում: Երեկ այնպիսի վերնագիր կարդացի, ինչից հետո մտածեցի, որ մահացել եմ: Պետք չէ նման բաներ գրել»: