Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց Լուգանսկի «Զարյային»:

Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:0: Հանդիպման հաշիվը բացեց «կարմիր սատանաների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

48-րդ րոպեին հայ կիսապաշտպանը խաղադաշտի կենտրոնից խլելով գնդակն առաջ շարժվեց, ճանապարհին գնդակն անցկացրեց պաշտպանի ոտքերի արանքով և հաշվենկատ հարվածով այն ուղարկեց դարպասը:

Մանչեսթերյան թիմի կազմում մեր ֆուտբոլիստը պաշտոնական խաղերում իր առաջին գոլը խփեց:

Հայաստանի հավաքականի ավագը փոխարինվեց 86-րդ րոպեին: Վերջին րոպեները Մխիթարյանի փոխարեն խաղադաշտում անցկացրեց Տիմոտի Ֆոսու-Մենսահը:

Խաղի 88-րդ րոպեին խորքից ստանալով Պոլ Պոգբայի փոխանցումը, Զլատան Իբրահիմովիչը մեն մենակ մնաց դարպասապահի դեմ և նրա կողքով գնդակն ուղարկեց դարպասը՝ ձևավորելով հանդիպման վերջնարդյունքը:

Խմբային փուլի արդյունքով 6 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 12 միավորով զբաղեցրեց A խմբի երկրորդ տեղը:

«Զարյա»-«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:2

Գոլերը՝ Մխիթարյան (48), Իբրահիմովիչ (88)