Անգլիայի առաջնության 21-րդ տուրում «Լիվերպուլի» հետ տնային հանդիպումը ոչ ոքի ավարտելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ գոհ չէ արդյունքից:

«Շատ հետաքրքիր խաղ էր նույնիսկ չեզոք երկրպագուների համար: Բայց չեմ կարծում, որ այս խաղը ֆուտբոլի որակով ամենաբարձր մակարդակի էր: Մենք պայքարեցինք մինչեւ վերջին վայրկյանը: Մրցակիցը գործում էր խելացի: Նրանք գիտեն՝ ինչպես խաղալ ֆուտբոլ եւ ինչպես վերահսկել հույզերը խաղի ընթացքում: Նրանք գիտեին, որ վերջին րոպեներին ծանր է լինելու:

«Մանչեսթեր Յունայթեդը» գրոհում էր, «Լիվերպուլն» ընդամենը պաշտպանվում էր: Ես հավանեցի մեր թիմի խաղը, սակայն արդյունքից հիասթափված եմ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն:

1:1 հաշվով խաղից հետո «Լիվերպուլը» 45 միավորով բարձրացավ երրորդ տեղ: Նույնքան միավոր ունի նաեւ երկրորդ տեղում ընթացող Լոնդոնի «Տոտենհեմը»: «Մանչեսթեր Յունայթեդը» 40 միավորով 6-րդն է: Առաջատար «Չելսին» ունի 52 միավոր:

Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 1:1

Զլատան Իբրահիմովիչ, 84 - Ջեյմս Միլներ, 27, 11մ