Մարտի 3-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վաճառքի հանեց աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպման տոմսերը: Հանդիպումը կայանալու է մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 4000 դրամ:

Թվում էր՝ թե վերջին շրջանում ազգային հավաքականի անհաջող ելույթներից հետո տոմսերի գները որոշակիորեն կիջեցվեն: Կիջեցվեն, քանզի ազգային հավաքականի ելույթներին ներկա են գտնվում ընդամենը 7-8 հազար ֆուտբոլասեր: Համատարած գործազրկության և աղքատության պայմաններում ֆուտբոլի տոմսերի համար նման գներ սահմանելը մեղմ ասած անտրամաբանական է: Կոմերցիոն տեսանկյունից կարելի էր տոմսերի գինը 1.5-2 անգամ իջեցնել և լեփ-լեցուն տրիբունաների պարագայում ավելի մեծ եկամուտ ստանալ:

Հայաստանի հավաքականը տարվա կտրվածքով միջինը 5 հանդիպում է անցկացնում Երևանում: Այդ հինգ հանդիպումները երկրպագուի համար իրադարձություններ են: Ազգային հավաքականին այլընտրանք ուղղակի չունենք: Եվրագավաթներում հայկական թիմերի մասնակցությամբ հանդիպումները ևս անցնում են կիսադատարակ տրիբունաների պայմաններում:

Հասկանալ է հարկավոր, որ ազգային հավաքականը միակ միջոցն է, որը հնարավորություն է տալիս երկրպագուին այսպես ասած լինել երկրպագու, մարզադաշտում զգալ և վայելել ֆուտբոլային մթնոլորտը: Չնայած անհաջող ելույթների ազգային թիմը մեր երկրի ֆուտբոլային թիվ մեկ ներկայացուցիչն է և կշարունակի մնալ ուշադրության կենտրոնում: Հազարավոր ֆուտբոլասերներ այսօր ֆինանսական առումով հնարավորություն չունեն այցելելու մարզադաշտ և վանկարկելու «Հա՜յա՜ստան»:

Տպավորություն այնպիսին է, որ ֆուտբոլի ֆեդերացիայում շահագռգռված չեն, որպեսզի ազգային հավաքականի ելույթներին տրիբունաները լեցուն լինեն: Ավելին, կարծես ոմանց համար ձեռնտու է որպեսզի հավաքականը ելույթ ունենա կիսադատարկ ստադիոնում:

Բազմիցս ենք լսել, որ տոմսերի գները սահմանվում են ՈւԵՖԱ-ի կամ ՖԻՖԱ-ի նորմերի համաձայն: Որո՞նք են այդ նորմերը: Մարտի 26-ին հարևան Ադրբեջանի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Բաքվում մրցելու է աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի ազգային թիմի հետ: Տոմսերի վաճառքն արդեն սկսված է:

Ադրբեջանցիները իրենց ազգային թիմի աշխարհի չեմպիոնի հետ հանդիպումը կարող են մարզադաշտում դիտել վճարելով ընդամենը 2 մանաթ՝ 1.2 ԱՄՆ դոլար, մոտ 600 դրամ: Այս խաղի ամենաթանկ տոմսերն արժեն 19 մանաթ կամ 10 ԱՄՆ դոլար: Փաստորեն Ադրբեջանում ազգային հավաքականի ամենաթանկ տոմսը գնային առումով հավասարազոր է Հայաստանի ազգային հավաքականի հանդիպման ամենաէժան տոմսին:

Իսկ ահա Ադրբեջանի հավաքականի հանդիպման ամենաէժան տոմսը ութ անգամ ավելի էժան է Հայաստանի հավաքականի հանդիպման ամենաէժան տոմսից: Ընդ որում Ադրբեջանը հանդիպելու է աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիային, իսկ Հայաստանը՝ Ղազախստանին: Մեկնաբանություններն ավելորդ են: Տոմսերը անհամեմատ էժան են նաև Վրաստանում: Մարտի 24-ին այս երկրի հավաքականը ընտրական հերթական հանդիպումն է անցկացնելու, Թբիլիսիում մրցելով Սերբիայի ընտրանու հետ: Այս հանդիպման տոմսերը սկսվում են 5 լարիից կամ 1000 դրամից: Ամենաթանկ տոմսերը Վրաստանի մասնակցությամբ հանդիպմանն արժեն 25 լարի, կամ մոտ 5000 դրամ:

Նախորդ տարվա նոյեմբերի 12 Վրաստանը սեփական հարկի տակ Բորիս Փայչաձեի անվան «Դինամո արենայում» մրցեց Մոլդովայի հետ: Այս հանդիպամը տոմսերը ևս արժեցել են 2-25 լարի, ինչի արդյունքում էլ 55 հազարանոց մարզադաշտը գրեթե լեփ-լեցուն էր:

Նշենք որ Վրաստանի հավաքականն այսօր ՖԻՖԱ-ի դասակարգան աղյուսակում միայն 125-րդն է:

Նյութի աղբյուրը՝ 1in.am