Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը բարեգործական այց կատարեց պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: Միջոցառմանը ներկա էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ում բարձր հովանու ներքո էլ արդիականացվել է Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը:
Հենրիխ Մխիթարյանը մեկ առ մեկ անցավ Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր այն երեխաների հիվանդասենյակներով, որոնք գտնվում էին անկողնային վիճակում, զրուցեց և լուսանկարվեց նրանց հետ, ֆուտբոլային գնդակներ, մարզաշապիկներ և իր ստորագրությամբ նկարներ նվիրեց նրանց:
«Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»,-ասել է Մխիթարյանը:
Այնուհետև Հենրիխ Մխիթարյանն այցելեց կենտրոնի խաղասրահ, որտեղ հավաքվել էին տասնյակ երեխաներ: Հենրիխ Մխիթարյանը կլոր սեղանի շուրջ զրուցեց, խաղաց և լուսանկարվեց նրանցից յուրաքանչյուրի հետ, նրանց նույնպես հանձնեց նվերներ: Իսկ երեխաները Մխիթարյանին նվիրեցին իրենց պատրաստած պաստառը և նրա համար կատարեցին իրենց իսկ մշակած երգը:
Մխիթարյանը հույս հայտնեց, որ իր այցով կկարողանա փոքրիկ ներդրում ունենալ երեխաների հոգեբանական վիճակի բարելավման և ապաքինման հարցում: