Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կարծիքով՝ Հայաստանի հավաքականը գոլերից հետո խաղի թելը վերցրեց իր ձեռքը:
«Առաջին խաղակեսում վատ հանդես չեկանք, պարզապես չօգտագործեցինք մեր գոլային պահերը: Երկրորդ կեսում ստացվեց հակառակը: Մինչև գոլերը մի քիչ պասիվ էինք, ստացվեց գոլ խփել, որն ամենակարևորն էր: Գոլերից հետո խաղի թելը մեր ձեռքում էր: Չեմ կարող ասել, որ Գևորգ Ղազարյանի վնասվածքը փոխեց թիմի պլանները: Տիգրան Բարսեղյանը վատ հանդես չկավ, ակտիվ էր, փորձում էր թիմին օգնել: Բայց առավել կարևոր է Գևորգ Ղազարյանի առողջությունը, քան այս հաղթանակը: Ես միշտ փորձում եմ լավագույն հանդես գալ, բայց ես միշտ չեմ կարող հավաքականին առաջ տանել: Տղաները պետք է կարողանան պատասխանատվությունն իրենց վրա վերցնել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մխիթարյանը:
Խոսելով երկրպագուների աջակցության մասին, Մխիթարյանը շեշտեց, որ միշտ էլ հաճելի է լեցուն տրիբունաներ տեսնելը: «Առավել հաճելի կլինի տեսնել ավելի լեցուն մարզադաշտ: Մենք խաղում են նրանց համար, մենք ապրում ենք նրանց համար»,-ասաց կիսապաշտպանը:
Մխիթարյանը դարձավ այն բացառիկ ֆուտբոլիստը, ով 20-ից ավել գոլ է խփել ազգային թիմի կազմում: Խոսելով այս մասին, Մխիթարյանը փաստեց. «Շատ ուրախ եմ դրա համար: Հաճելի է գոլեր խփել հավաքականի կազմում»,-ասաց նա:
Հայաստանի ազգային թիմը աշխարհի առաջնության ընտրական փուլում Հենրիխ Մխիթարյանի և Արազ Օզբիլիսի գոլերի շնորհիվ պարտության մատնեց Ղազախստանի թիմին: