Հայաստանը մեդալ չնվաճեց Սերբիայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը, որում ուներ 2 ներկայացուցիչ՝ Գարիկ Բարսեղյանը (57 կգ) եւ Վահե Թամրազյանը (86 կգ)։

Վահե Թամրազյանը մեկնարկային գոտեմարտում 10:2 հաշվով հաղթել է Իսրայելը ներկայացնող Ռադչենկո Միխալչենկոյին, սակայն քառորդ եզրափակիչում 3։5 հաշվով պարտվել էր ադրբեջանցի Ալեքսանդր Գոստիեւին։ Քանի որ ադրբեջանցին նվաճել է եզրափակիչի ուղեգիր, հայ ըմբիշը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար, բայց առաջին սփոփիչ գոտեմարտում 2։7 հաշվով պարտվեց լեհ Մատեուժ Բարանովսկուն եւ լքեց պայքարը։

Գարիկ Բարսեղյանը եւս պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որում 1։8 հաշվով պարտվել էր թուրք Սուլեյման Աթլիին։ Թուրք ըմբիշն էլ պարտություն կրեց հաջորդ փուլում, եւ Բարսեղյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը մեկնել են նաեւ Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ)