Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը չի թաքցրել զգացմունքները Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Ատլետիկոյի» հետ կայացած պատասխան խաղից հետո:

Զինեդին Զիդանի սաները, հիշեցնենք, 1:2 հաշվով պարտություն կրեցին, բայց երկու խաղերի արդյունքներով դուրս եկան եզրափակիչ.

«Այս թիմը հաղթանակների ծարավ է և ունի իր դեմքը: Մենք երկու արագ գոլերից հետո հանգստություն պահպանեցինք և դուրս եկանք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Հպարտ եմ, որ 4 տարվա ընթացքում 3-րդ անգամ դուրս եկանք ՉԼ-ի եզրափակիչ»,- ասել է Ռամոսը:

«Ռեալի» ավագը կարծիք է հայտնել, որ իր թիմի ցուցադրած արդյունքներն անհավանական և որ դրանք պետք է գնահատել.

«Ռեալի» արդյունքներն անհավանական են, դրանք կհիշեն մեր թոռները: Եվ դա պետք է գնահատել: Հիմա պետք է կենտրոնանանք Իսպանիայի առաջնության հանդիպումների վրա: Դեռ ժամանակ կունենանք մտածելու «Յուվենտուսի» հետ եզրափակիչ խաղի մասին»,- Ռամոսի խոսքերն է փոխանցում «Mundo Deportivo»-ն:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 3-ին Քարդիֆում: