«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական էջը գրում է, որ Մխիթարյանն ակումբի համար պատմություն է կերտում, սակայն Հենրիխն այդ պատմությունը կերտում է ոչ միայն մանչեսթերյան ակումբի երկրպագուների, այլև բոլոր հայերի և հայկական ֆուտբոլի պատմության համար: Մխիթարյանը հայ ֆուտբոլիստներից միակն էր, ով խաղաց եվրոպական լիգաներից մեկի եզրափակչում, միակն էր, որ եզրափակիչ խաղում գոլ խփեց, միակն էր, որ բարձրացրեց Եվրոպա լիգայի գավաթը՝ ուսերին ունենալով հայկական դրոշը:

Եվրոպա լիգայի 2017 թվականի եզրափակիչը պետք է գրել հայկական ֆուտբոլի պատմության մեջ, քանի որ, ցավոք, Հենրիխից բացի, առաջիկա տարիներին դժվար թե ունենանք ֆուտբոլիստ, ով կհասնի նման աներևակայելի ցուցանիշի:

Մյուս կողմից, տարիներ առաջ, երբ Մխիթարյանն Ուկրաինայում էր, մենք կրկին երկրպագում էինք նրան, սակայն անգամ այդ ժամանակ այս ամենը երևակայել չէինք կարող:

Սկսենք սկզբից՝ ի՞նչ արեց Մխիթարյանը Եվրոպա լիգայում, և ինչո՞ւ են հենց նրան համարում այս հաղթանակի կերտողը:

Մխիթարյանը Եվրոպա լիգայում դարձավ 6 գոլի հեղինակ՝ դառնալով թիմի լավագույն ռմբարկուն: Հայ կիսապաշտպանը փլեյ-օֆֆում խփեց 5 գնդակ, ինչը հրաշալի ցուցանիշ է: Համեմատության համար նշենք, որ մանչեսթերյան ակումբի կազմում ոչ մի ֆուտբոլիստ չի հասել նման նվաճման, և սա ռեկորդ էր անգլիական ակումբի համար:

Պատահական չէ, որ, երբ անգլիական մամուլը խոսում էր այն մասին, թե Մխիթարյանի խաղն առաջվանը չէ, Մոուրինիոն նշեց որ դա անգլիական ֆուտբոլին չհարմարվելու պատճառով է, իսկ Մխիթարյանը լավն է Եվրոպա լիգայում:

Որքան էլ համարենք, ոչ Մխիթարյանն արդեն փորձառու է և կարողանում է խաղալ մեծ մարզադաշտերում՝ տասնյակ-հազարավոր հադիսատեսի աչքի առաջ, պետք է նշենք, որ սա Մխիթարյանի առաջին մեծ եզրափակիչն էր: Անգլիայի, Գերմանիայի գավաթները ևս մեծ իրադարձություններ են, սակայն չեն կարող համեմատվել Եվրոպա լիգայի կամ Չեմպիոնների լիգայի եզրափակիչների հետ: Առաջին կեսում զգացվում էր Մխիթարյանի հուզմունքը, նա շատ ակտիվ էր, սակայն չէր կարողանում հաշվենկատ գործել:

Արդյունքում՝ դեղին քարտ և զգուշավոր կեցվածք խաղի մյուս հատվածում: Սակայն երկրորդ կեսում Հենրիխը կարողացավ հարմարվել և խփեց իր հրաշալի գոլը: Հայազգի մեկնաբան Նոբել Առուստամյանը, ով վարում էր խաղը Матч TV հեռուստատեսության ուղիղ եթերում, նշում է, որ սա Մխիթարյանի դեկտեմբերյան գոլը չէր, բայց նման գոլեր քչերն են կարողանում խփել:

Միջազգային մամուլը թե՛ Մխիթարյանի գոլից հետո, թե՛ խաղավարտին գրեց, որ հենց Մխիթարյանը լուծեց անգլիական ակումբի հարցերը Եվրոպա լիգայում: Մեկը մյուսի հետևից սոցիալական ցանցերում պարբերականները գրում էին Մխիթարյանի գոլի մասին:

Իսպանական Goles de Europa պարբերականը գրում է, որ Մխիթարյանի գոլը ոչ թե ֆուտբոլի ժանրից էր, այլ ակրոբատիկայի: Ըստ պարբերականի՝ նման գոլեր կարող են խփել միայն ֆիզիկական լավ պատրաստվածություն ունեցող ֆուտբոլիստները: Իսկ երկրպագուները պարբերականի գրառման տակ գրել էին, որ Մխիթարյանը սկսել է ավելի շատ ակրոբատիկ գոլեր խփել, քան Իբրահիմովիչը:

«Իբրան պետք է արագ վերադառնա դաշտ, հակառակ դեպքում՝ ակրոբատիկ գոլերի արքայի տիտղոսը կխլի Մխիթարյանը»,- գրում են երկրպագուները:

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական էջերն ուշադրություն են դարձրել հատկապես այն փաստին, որ Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, ով գոլ է խփում Եվրոպա լիգայի եզրափակչում:

Givemesport-ը, ինչպես միշտ, Մխիթարյանի համար նոր և հետաքրքիր բնութագրիչ է մտածել: Ըստ պարբերականի՝ Մխիթարյանը Եվրոպա լիգայի MVP-ն է: Հիշեցնենք, որ MVP են կոչում NBA-ի կանոնավոր առաջնության ամենաարժեքավոր բասկետբոլիստներին:

Շատ պարբերականներ, նշելով Մխիթարյանի ռեկորդի մասին, իրենց հետևորդներին հիշեցրել են, որ սա ընդամենը Մխիթարյանի առաջին մրցաշրջանն է մանչեսթերյան ակումբում.

«Եթե նա նման ցուցանիշ գրանցում է առաջին մրցաշրջանում, ի՞նչ է լինելու հետո»:

BenchWarmers-ն էլ հիշել է Մխիթարյանի վերջին հարցազրույցներից մեկը, երբ Մխիթարյանը նշել էր, որ ցանկանում է մարզադաշտում հրեշ լինել: Նման արտահայտություն էր արել նաև Մոնիկա Մխիթարյանը՝ նշելով, որ Հենրիխը դաշտում այնքան կտրուկ է, որ կարծես մարդասպան լինի: Հաշվի առնելով այս տեսակետները՝ պարբերականը գրել է, որ մարդասպանի բնազդն արեց իր գործը: