Հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որն անցած շաբաթ հեռացվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակից, ակումբի հետ կարող է կարճաժամկետ պայմանագիր կնքել:

Ինչպես տեղեկացնում է «Manchester Evening News»-ը, 35-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածքից հետո շարունակում է վերականգնվել մանկունիացիների ճամբարում:

Եթե վերականգնողական փուլը հաջող անցնի, ՄՅՈւ-ն կարող է 1 տարվա պայմանագիր կնքել Իբրահիմովիչի հետ: Բժիշկները կանխատեսում են, որ շվեդ հարձակվողը խաղադաշտ կկարողանա վերադառնալ միայն 2018 թվականի հունվարին:

Հիշեցնենք՝ Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել անցած տարվա ամռանը՝ ազատ խաղացողի կարգավիճակով: Պայմանագիրը նախատեսված էր մինչև 2016/17 մրցաշրջանի ավարտը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: