«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հերթական անգամ պատասխանել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի պայմանագրի երկարաձգման վերաբերյալ հարցին:

Կատալոնական ակումբի ղեկավարը կասկած չունի, որ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը կարիերան կավարտի հենց իսպանական գրանդում.

«Մեսսին ասել է, որ ցանկանում է կարիերան ավարտել «Բարսելոնայում», և ես հիմնվում եմ նրա խոսքերին»,- Բարտոմեուի խոսքերն է փոխանցում իսպանական «Sport» ինտերնետ-պարբերականը:

Մեսսիի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2018 թվականի ամառը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ նոր պայմանագրի ժամկետը պետք է 3 տարի կազմի:

Հիշեցնենք՝ Իսպանիայի առաջնության 2016/17 մրցաշրջանում արգենտինացին «Բարսելոնայի» կազմում 34 հանդիպման է մասնակցել և դարձել է 34 գոլի հեղինակ: