Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան տեքստային ասուլիսում պատասխանել է երկրպագուների բազմաթիվ հարցերի:

«Ինձ համար բոլոր ժամանակների լավագույն խաղացողը Զիդանն է: Ինձ միշտ դուր է եկել նրա խաղը:

Ես միշտ սիրել եմ ֆուտբոլը, հայրս եղել է իմ ներշնչանքի աղբյուրն ինչպես ֆուտբոլում, այնպես էլ կյանքում:

Մտածում եմ Հայաստանում ֆուտբոլի ակադեմիա բացելու մասին եւ շատ կցանկանայի ապագայում հիմնել ակադեմիա, որպեսզի հայ մանուկներին փոխանցեմ մեծ ֆուտբոլի իմ փիլիսոփայությունը»:

Ֆեյսբուքի օգտատերերից մեկին հետաքրքրում է, թե որ խոհանոցն է նախընտրում Հենրիխ Մխիթարյանը: Նա սիրում է հայկական եւ իտալական խոհանոցը:

«Մանչեսթեր Յունայթեդում» շատ գեղեցիկ գոլեր եմ ունեցել: Ամենագեղեցիկը թերեւս «կարիճ հարվածն» էր: Բայց այս մրցաշրջանի ամենակարեւոր գոլն ինձ համար Եվրոպայի լիգայի եզրափակիչում խփածս գոլն է»:

Ապագային վերաբերող հարցերին Հենրիխ Մխիթարյանը ոչ հստակ պատասխաններ է տալիս: Օրինակ՝ օգտատերերից մեկին հետաքրքրում է, թե որտեղ եւ ինչպես է իրեն պատկերացնում հայ ֆուտբոլիստը 15 տարի անց.

«Ես դեռ չեմ մտածել, թե ինձ հետ ինչ կլինի տարիներ անց, դեռ չեմ մտածել կարիերայիս ավարտի մասին: Չգիտեմ, որտեղ կլինեմ այդքան ժամանակ անց: Կարծում եմ, դեռ երկար տարիներ կշարունակեմ խաղալ:

«Մանչեսթեր Յունայթեդում» ինձ զգում եմ ինչպես ընտանիքում: Իսկապես այս թիմը կարծես մի ընտանիք լինի: Բոլորը միմյանց սիրում են եւ հարգում»:

Երազանքների մասին.

«Իմ մեծ երազանքներից մեկը եղել է ՈւԵՖԱ-ի Եվրոպայի գավաթի նվաճումը եւ երազանքս իրականացավ: Այժմ ես երազում եմ բարձրացնել Չեմպիոնների լիգայի գավաթը»:

Հենրիխ Մխիթարյանը ոչ բոլոր հարցերին է պատասխանում: Օրինակ անվանի ֆւտբոլիստը շրջանցել է երկրպագուներից մեկի հարցը ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու մասին:

Մխիթարյանը միայն ողջունել է երկրպագուին, անպատասխան թողնելով այդ հարցը:

Երկրպագուների կողմից ստեղծված #WhooaMkhitaryan երգը Հենրիխ Մխիթարյանին դուր է գալիս:

«Ինձ դուր է գալիս այդ երգը: Ինձ համար շատ հաճելի է, որ իմ երկրպագուները երգ են հորինել հատուկ ինձ համար: Երբ ես մարզադաշտում եմ եւ տրիբունաներից լսում եմ երգի վանկարկումները, այն ինձ մեծ հույզեր ու մոտիվացիա է տալիս: Անչափ հաճելի է»:

Թե մարդկային հատկանիշներից որն է Մխիթարյանին բարկացնում, ֆուտբոլիստի խոսքով՝ իրեն շատ դժվար է բարկացնել, քանի որ մշտապես փորձում է խաղաղ լինել:

Հենրիխ Մխիթարյանի ասուլիսը տեւեց մեկ ժամ: Մխիթարյանը պատասխանեց ոչ բոլոր հարցերին: Երկրպագուներն ուղղել էին 1000-ից ավել հարցեր եւ բարեմաղթանքներ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը հիմնականում արձանգանքել է ակումբի, իր թիմի եւ ֆուտբոլային երազանքներին հասնելու մասին հարցերին.

«Շնորհակալ եմ հարցերի համար: Ես փորձեցի պատասխանել որքան հնարավոր է շատ հարցերի: Շատ հաճելի էր շփումը բոլորիդ հետ: Ես իսկապես շատ շնորհակալ եմ բլորիդ աջակցության համար եւ ուրախ եմ, որ անհամբերությամբ սպասում եք իմ հաջորդ մրցաշրջանին»: