«Մանչեսթեր Յունայթեդը», որը շրջագայություն է անցկացնում ԱՄՆ-ում, այսօր առավոտյան Սենդի քաղաքի «Ռիո Տինտո» մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացրել «Ռեալ Սոլթ-Լեյքի» հետ:

Հատկապես հայ ֆուտբոլասերները անհամբերությամբ էին սպասում այս մրցավեճին, քանզի միմյանց դեմ պետք է խաղային Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը և մեր ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն հարձակվող Յուրա Մովսիսյանը: Վերջինը, ՄԼՍ-ի առաջնությունում ցուցադրելով տպավորիչ խաղ, դարձել է «Ռեալ Սոլթ-Լեյքի» առաջատարը: Նույնիսկ խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, որ Մովսիսյանին ցանկանում է ձեռք բերել ԱՄՆ-ում մեծ ճանաչում ունեցող «Լոս Անջելես Գելեքսին»:

«Ռեալ Սոլթ-Լեյքի» դեմ ցուցադրելով փայլուն խաղ՝ Հենրիխ Մխիթարյանը կերտեց իր թիմի հաղթանակը: Արդեն 20-րդ րոպեին ամերիկյան թիմից Լուիս Սիլվան բացել է հաշիվը, սակայն 9 րոպե անց Հենրիխ Մխիթարյանը հավասարեցրել է այն: Հանդիպման 37-րդ րոպեին էլ Մխիթարյանի փոխանցումից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Ռոմելու Լուկակուն հաղթանակ է պարգևել անգլիական թիմին: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ընդմիջմանը փոխարինել է Մխիթարյանին, իսկ հանդիպման 67-րդ րոպեին «Ռեալ Սոլթ-Լեյքը» թվային առավելություն է ստացել: «Մանչեսթեր Յունայթեդից» դաշտից հեռացվել է Անտոնիո Վալենսիան:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Յունայթեդը» առաջին ընկերական հանդիպումն էր անցկացրել ԱՄՆ-ում՝ 5:2 հաշվով առավելության հասնելով «Լոս Անջելես Գելեքսիի» նկատմամբ: Այս խաղում ևս Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ:

Ինչո՞ւ Յուրա Մովսիսյանը բաց թողեց այս հանդիպումը: Խաղից ժամեր առաջ ամերիկյան մամուլում շատ էր նշվում, որ Մովսիսյանը և Ժոաո Պլատան այն ֆուտբոլիստներն են, ովքեր լրջորեն անհանգստացնելու են «Մանչեսթր Յունայթեդի» պաշտպաններին: Յուրա Մովսիսյանն ընդհանրապես հայտավորված չէր այս հանդիպմանը: Rslsoapbox պարբերականը նշել էր, որ Յուրա Մովսիսյանը վնասվածք ունի, սակայն խաղից մեկ ժամ առաջ տարածել էր հաղորդագրություն, որ հայ ֆուտբոլիստը խաղադաշտում կլինի հանդիպման առաջին 30 րոպեներին:

«Ռեալ Սոլթ-Լեյքի» գլխավոր մարզիչ Մայք Պետկեն ակումբի մամուլի ծառայությանը հայտնել է, որ Մովսիսյանը չի խաղացել մարզումներից մեկի ժամանակ ստացած վնասվածքի պատճառով, և հայտարարել՝ անհամբեր սպասում են նրա վերադարձին: Թե ինչ վնասվածք է ստացել Մովսիսյանը՝ Պետկեն չի մանրամասնել: Որոշ տեղեկությունների համաձայն՝ հայ հարձակվողը թեթև վնասվածք է ստացել շաբաթ օրը կայացած մարզման ժամանակ:

Ինչևէ, հայտնի չի նաև՝ Յուրա Մովսիսյանը ներկա՞ է գտնվել «Յունայթեդի» հետ խաղին, թե՞ ոչ: Միմյանց հանդիպելու վերաբերյալ ֆուտբոլիստները տեղեկություն չեն հրապարակել նաև իրենց միկրոբլոգներում:

Անդրադառնալով «Ռեալ Սոլթ-Լեյքի» հետ հանդիպմանը՝ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է խաղի ժամանակ արված իր լուսանկարն և այն վերնագրել՝ «Մեկ ուրիշ հաղթանակ»:

Շատ ֆուտբոլասերներ այն կարծիքին են, որ Յուրա Մովսիսյանն ուղղակի չի ցանկացել հանդիպել Հենրիխ Մխիթարյանին:

Հիշեցնենք, որ ձմռանը ԱՄՆ ուսումնամարզական հավաքի էր մեկնել Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը», որը ընկերական հանդիպում էր անցկացրել «Ռեալ Սոլթ-Լեյքի» հետ: Հանդիպումից առաջ Մովսիսյանը հայտարարել էր, որ մեծ անհամբերությամբ է սպասում «Ալաշկերտի» հետ խաղին, քանզի հանդիպելու է իր ընկերներին, որոնց հետ հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում: Մովսիսյանը մասնակցել էր նաև «Ալաշկերտի» հետ հանդիպմանը և դարձել գոլի հեղինակ:

Հենրիխ Մխիթարյանի հետ հնարավոր հանդիպման վերաբերյալ Մովսիսյանը որևէ մեկնաբանություն չէր տվել: Մովսիսյանի և Մխիթարյանի ջանքերով մեր հավաքականը պատմության ընթացքում ամենատպավորիչ ելույթներն է ունեցել: Շատերը նույնիսկ հույսեր են փայփայում, որ այս ֆուտբոլիստներին նորից միասին կտեսնեն մեր ազգային թիմում: Իսկ թե ինչու ԱՄՆ-ում նոր ժամանակների հայկական ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչների հանդիպումը չի կայացել՝ դժվար է ասել: