Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի`27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատավարության ժամանակ թունդ վիճաբանություն ծագեց կողմերի միջև՝ Գագիկ Շամշյանի` սպանվածի ավտոմեքենայից արված լուսանկարների շուրջ: Այս մասին է տեղեկացնում Aravot.am-ը՝ հավելելով, որ սպանված երիտասարդի` ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի բակում պահ տված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան զննելուց հետո, ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանում հայտարարեց, որ դա չի կարող համարվել իրեղեն ապացույց: Ըստ փաստաբանի, ավտոմեքենայի դռները կնքված չէին, ընդամենը մի դռան վրա կար կնիքանման թուղթ, որը, սակայն, վնասված էր, ղեկի հատվածը քանդված էր…Մի խոսքով, Լուսինե Սահակյանի բնութագրմամբ, ակտիվ միջամտություն էր արված: «Դեպքի վայրում իբրև թե կնքվում է մեքենան, տեղափոխվում է այլ վայր. զննությամբ երևում է, որ ավտոմեքենան կնքված չի եղել», – ասաց փաստաբանը: Նա նաև անդրադարձավ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի`դեպքի օրը Կարեն Եսայանի մեքենայից արված լուսանկարներին` դատարանին միջնորդելով, դրանք որպես իրեղեն ապացույց ընդունել: Փաստաբանը որպես ապացույց իր խոսքի, որ դեպքի օրը մեքենայում ոչ մի բան կոտրված չի եղել, ղեկի հատվածում քանդված մաս նույնպես չի եղել, ցույց տվեց Գագիկ Շամշյանի լուսանկարները, որոնք կատարվել են 12.04.2012 թվականին` դեպքի օրը: Փաստաբանը նաև ասաց, որ լուսանկարները կատարվել են մինչև մեքենայի զննությունը Ախուրյանի «Թելման 94» ՍՊԸ-ի տարածքում: Լուսինե Սահակյանը նաև ակնարկեց, թե ինչո՞ւ են ֆոտոլրագրողին թույլատրել մտնել այնպիսի տարածք, որտեղ մտնելու իրավունք ոչ մեկը չի ունեցել, դա արդեն իսկ միջամտություն է: Նշենք, որ դեպքի վայրից` «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից մեքենան տեղափոխվել է Ախուրյանի «Թելման 94» ՍՊԸ-ի ավտոտնակ: Դատավոր Մարտին Սարոյանը, նայելով լուսանկարները, իր կասկածները հայտնեց, թե արդյոք դրանք արված են նույն օրվա գիշերը: Սակայն Լուսինե Սահակյանը, բացելով Tert.am լրատվական կայքը, ցույց տվեց, որ լուսանկարները տեղադրված են հենց նույն օրը: Լուսինե Սահակյանի միջնորդությունը` Գագիկ Շամշյանի լուսանկարները ընդունել որպես իրեղեն ապացույց, բավական զայրացրեց տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող Արմեն Մելքոնյանին, ով իր հերթին սկսեց լրագրողներին ցույց տալ Շամշյանի լուսանկարները, թե տեսեք`այստեղ պատկերված է ոստիկանության շենքը, մյուս նկարում ոստիկաններն են հավաքված: Նա նաև ասաց, որ եթե միջամտություն է եղել մեքենային, ուրեմն ոստիկանությունը պիտի պատասխան տա, քանի որ նրա պահպանման էր հանձնված, և միգուցե ինչ-որ անձինք փորձել են գողություն կատարել մեքենայից: Լուսինե Սահակյանը, հակադարձելով նրան՝ ասաց. «Անկախ նրանից, թե ով է միջամտություն կատարել, ավտոմեքենան այլևս իրեղեն ապացույց համարվել չի կարող: Եվ մենք չենք ասում, թե Գագիկ Շամշյանի լուսանկարներում ոստիկանները չկան, քավ լիցի, նրա մյուս 6 լուսանկարները ավտոմեքենայից են»: 

 

Շարունակությունն` այստեղ: