Հունվարի 25-ին Էրեբունի պլազայում տեղի ունեցավ «Միջազգային առաջատար ուսումնական հաստատություններում ուսանելու հնարավորությունները, խնդիրները և կրթաթոշակների տրամադրման պայմանները հանրակրթական դպրոցների աշակերտների համար» թեմայով ասուլիս, որի շրջանակներում ներկայացվեց «Գլոբալ բրիջ» ուսումնական կենտրոնի և «Regent's» միջազգային դպրոցի կողմից համատեղ իրականացվող միջազգային կրթաթոշակային ծրագիր՝ նախատեսված դպրոցականների համար:

Վերջինս հնարավորություն է տալիս 13-17տ. հայ աշակերտներին 20-100% կրթաթոշակով ուսանել Թաիլանդի «Regent's» դպրոցում:

Դպրոցը հիմնադրվել է 2000թ. և Հարավարևելյան Ասիայում անգլիական միջազգային ֆեդերացիայի, ինչպես նաև Բրիտանական գիշերօթիկ դպրոցների ասոցիացիայի անդամ է: Դասախոսական կազմը բաղկացած է բարձրակարգ մասնագետներից, ովքեր ժամանել են աշխարհի տարբեր երկրներից:

Ծրագիրը ներկայացնելու և միջազգային դպրոցի հետ հայ հանրությանը ծանոթացնելու նպատակով Հայաստան էր ժամանել «Regent's» դպրոցի տնօրեն Փիթեր Հոգանը: Վերջինիս խոսքով՝ սա եզակի հնարավորություն է հայ աշակերտի համար ստանալ կրթություն միջազգային չափանիշներով: 

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է հանձնել անգլերեն լեզվի և մաթեմատիկայի քննություն և անցնել հարցազրույց դպրոցի տնօրենի հետ:

«Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնի տնօրեն Աննա Հարությունյանի խոսքով՝ ՀՀ ԿԳՆ հետ կնքած համաձայնագրի շրջանակներում 2006թվականից մինչ օրս ավելի քան 120 հայ աշակերտ է ուսանել «Regent's» դպրոցում, որոնցից շատերն իրենց ուսումը շարունակում են աշխարհի լավագույն համալսարաններում: 

Հատկանշական է, որ սա Հայաստանում միակ նմանատիպ նախագիծն է, իսկ մեր երկիրը տարածաշրջանում միակն է, որ համագործակցում է դպրոցի հետ: