«Էրեբունի-Երեւան» տոնակատարության տասնյակ միջոցառումներ էին Հյուսիսային պողոտայի երկայնքով։ Աբովյան փողոցի կողմից տոնի մասնակիցներին դիմավորում էին կրկեսային ակրոբատները՝ ուշագրավ համարներով։

Փոքրիկների ուշադրությունը տիկնիկային ներկայացումների բեմին էր ուղղված. երեխաները հայկական ժողովրդական հեքիաթներ էին դիտում։

15։00-ից սկսած մի քանի ժամ շարունակ ամենաաշխույժ՝ կարաոկե բեմից հնչում էին Հայաստանի ու Երեւանի մասին երգեր՝ տոնի մասնակից երիտասարդների ու երեխաների կատարմամբ։

Պողոտայի կենտրոնում սթրիթբոլի ցուցադրական խաղեր էին։

Խեցեգործության, գորգագործության, ասեղնագործության, փայտագործության տաղավարները կրում էին Վարպետաց քաղաք անվանումը։ Կավագործության սեղանիկներից մեկը կազմակերպիչները տրամադրել էին երեխաներին, ովքեր կավագործների օգնությամբ տարբեր առարկաներ էին պատրաստում։ Վարպետաց քաղաքի տաղավարներին կից ազգագրական երգ ու պարի համույթների բեմն էր։ Ելույթի ընթացքում տոնախմբության բազմաթիվ մասնակիցներ բեմի մոտ շուրջպար էին բռնել։