«Լարկո Գրուպ» ՍՊԸ սեփականատեր Աբել Հախվերդյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում Սայաթ-Նովա 10, 12 շենքերի բակում բազմաֆունկցիոնալ շենքի կառուցմանը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. 

«Արդեն կարծես օրինաչափ և մի տեսակ մոդայիկ են դարձել առանձին հասարակական-քաղաքական հոսանքների և “քաղաքացիական նախաձեռնությունների” հայտարարությունները մեր Հայաստան երկրի քաղաքացիների իբր օրինական շահերի պաշտպանության վերաբերյալ: Ցավով պետք է հերթական անգամ արձանագրենք, որ կոնկրետ դեպքում, Սայաթ-Նովա 10/5-ին վերաբերող դատապարտող հայտարարությունների հեղինակներն ընդհանրապես տեղյակ չեն խնդրի քաղաքաշինական և իրավական կողմերին և չեն էլ ծանրաբեռնում իրենց նման հոգսերով, այլ ընդամենը շտապում են ըմբոստ-ժողովրդավար, քաղաքացիական պայքարի ջատագով և/կամ սկզբունքային-արդարամիտ երևալ` հնարավորության դեպքում ամրապնդելով սեփական հեղինակությունը: Ցանկալի կլիներ, որ այդ հեղինակները, որպես իրավագիտակից քաղաքացիներ, հասկանային, որ բարձրագոչ հայտարարություններով և “օրինականության ինքնուրույն հաստատման” մասին բռնարարքների կոչերով իրենք լոկ ապօրինություն են հաստատում և խորացնում են ներդրող ընկերության` “Լարկո Գրուպ” ՍՊԸ-ի օրինական շահերի արդեն մի քանի ամիս տևող խախտումը:

Ընկերության ներկայացուցիչների և շինարարների հետ տեղում բախումներ հրահրող անհատները, “շահագրգիռ” բնակիչները և նրանց ուղղորդող էլ ավելի շահագրգիռ անձիք կարող է չցանկանան և անգամ չփորձեն տեսնել պարզ և փաստացի իրողությունները, որոնք “Լարկո գրուպ” ընկերությունը չի զլացել բազմիցս պարզաբանել և ներկայացնել բոլոր ցանկացողներին, բայց կարծում ենք, որ հրապարակային հայտարարություններով հանդես եկող սուբյեկտները պարտավոր են դա անել` գոնե հանուն իրենց իրական հեղինակության:

Ինձ մնում է միայն արձանագրել, որ մեր երկիրն իսկապես սիրող մարդիկ են կարողանալու շունչ տալ իրենց ներդրումային նախաձեռնություններին` չվհատվելով չարակամությունից, խաբեությունից ու մեր երկրին վրա հասած քաղաքացիական հասարակության ձևավորման անցումային շրջանից:

Աբել Հախվերդյան, “Լարկո գրուպ” ՍՊԸ սեփականատեր»