Ուղևորափոխադրող ընկերությունների վիճակը դարձել է արդեն անհնարին: Մի կողմից քաղաքապետարանն է, մյուս կողմից՝ ժողովուրդը: Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: 

«Մենք նամակով դիմել ենք քաղաքապետարանին, որպեսզի բարձրացվի ուղեվարձի գինը: Քաղաքապետարանի պատասխանը եղավ շատ կլոր: Վերջին նամակը գրել ենք տասնհինգին, սակայն մինչ այժմ պատասխան չենք ստացել: Քաղաքապետարանը չի ուզում բարձրացնել ուղեվարձը, միայն կլոր-մլոր պատասխաններ է տալիս», - նշեց նա:
Նա նշեց, որ իրենց բոլոր գործողություններն արդյունք չեն տալիս և մի «գեղեցիկ» օր իրենք կհայտնվեն փակուղու առաջ:

Լրագրողներից մեկը հարց ուղղեց. Ի՞նչ կլինի, սվեչեքը կթրջվե՞ն, ինչին ի պատասխան Եղիազարյանը նշեց.

«Եթե սվեչեքը թրջվեն, կչորացնենք, եթե կապրոնե անվանդողերով մնանք սառած ճանապարհին, կդառնանք մարդասպան: Արդեն գնում ենք քարե դար: Այս առումով ուղևորափոխադրողները վատ դրսության մեջ կհայտնվեն», - նշեց նա, հավելելով, որ վառելիքի խնդիր կա, մարտկոցներ չկան, ինչպես նաև՝ հարկերի և տուրքերի խնդիրները կան:

«Ունեինք ձմեռային անվանդողեր, որոնք մաշվել էին, գարնանը այն փոխարինեցինք կապրոնե անվանդողներով, հենց որ ձյունը դրեց, ուրեմն անվանդողը պետք է փոխվի ռեզինեով: Ռեզինե անվադողեր ձեռք բերելու հնարավորություն չունենք», - նշեց նա:
Վերջինս հայտնեց, որ իրենք խնդրում են քաղաքապետարանին սահմանել 150 դրամ ուղեվարձ քաղաքացուց և 50 դրամ քաղաքապետարանից, որպեսզի լինի դոտացիա:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կլինի եթե ուղեվարձը չբարձրացնեն, նա նշեց. «Մենք դուրս ենք գալու աշխատանքի, բայց ուղևոր չենք փոխադրելու: Սա գործադուլ չէ, ուրիշ բան է: Ժամանակը ցույց կտա, թե երբ կանենք, օրինակ երբ վառելիքը վերջանա», - նշեց նա: