Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Աբովյան փողոցից հեծանվի գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 14-ին` ժամը 15:30-ից 15:50-ն ընկած ժամանակահատվածում: Առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Աբովյան փողոցի շենքերից մեկի մոտից հափշտակել է «Սալկանո» մակնիշի հեծանիվ՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործով ստացվել են տարածքում տեղակայված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երևում է, թե ինչպես է մի երիտասարդ վերցնում հեծանիվն ու հեռանում։

Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ հայտնաբերելու տեսագրության մեջ պատկերված անձին։

Ովքեր ճանաչում են տեսանյութում երևացող անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: