Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայից գողություն կատարած անձի ինքնությունը։

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի մարտի 8-ին առերևույթ հանցագործություն կատարած անձը, հարմարեցված առարկայով բացել է Երևան քաղաքի Տերյան-Բուզանդ փողոցների խաչմերուկում կայանված «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայի դուռը, հափշտակել սրահում գտնվող պայուսակ, որի մեջ եղել է անձնագիր, բանկային և կուտակային քարտեր, 3 բջջային հեռախոս, բանալիներ, դրամականակ՝ պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ գողացված քարտով նույն օրը բանկոմատից գումար կանխիկացնելու փորձ է կատարվել:

Նախաքննության ընթացքում բանկից ստացվել է բանկոմատի վրա տեղադրված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ գործարքի փորձի տեսագրությունը, որտեղ երևում է գողացված քարտով կանխիկացման փորձ կատարող տղամարդը:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսագրության մեջ պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: