Մայիսի 10-ին Երևանի քաղաքապետին էի դիմել ապրիլյան պատերազմում զոհված՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի և ԼՂՀ «Արիության համար» մեդալով պարգևատրված Արմենակ Ուրֆանյանի անուններով Արաբկիր 45-րդ և Նոր Արեշ 44-րդ փողոցներն անվանակոչելու առաջարկությամբ:

Այս առաջարկի մասին մայիսի 17-ին քաղաքապետարանից ստացել եմ հետևյալ պարզաբանումը. ՀՀ կառավարության 29.12.2005թ. N2387-Ն «ՀՀ քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակարանային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» գործող որոշմամբ ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտները կարող են անվանակոչվել նշանավոր պետական, հասարակական, զինվորական գործիչների, գիտության և մշակույթի ներկայացուցիչների, այլ նշանավոր անհատների կամ որոշակի ժամանակահատվածում տեղի ունեցած պատմական իրադարձությունների անուններով, տարեթվերով կամ ամսաթվերով: Նկատենք, որ «աշխարհագրական օբյեկտներ» ասելով պետք է նկատի ունենալ թե՛ փողոց, թե՛ դպրոց, թե՛ մշակութային որևէ կազմակերպության շենք:

Անմիջապես հաջորդ՝ 19-րդ կետում էլ գրված է.«Ականավոր որևէ անհատի անվամբ կարող է անվանակոչում կատարվել նրա մահվանից առնվազն 10 տարի հետո»:

Որքան մտածում եմ, չեմ կարողանում գտնել ՀՀ կառավարության որոշման սույն հիմնավորման տրամաբանությունը բացի նրանից, որ սա պատմական դեպքերն ու հերոսական անունները մոռացության տալու մի ձև կարող է լինել:

Ստացվում է, որ ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպությունները, իրավաբանական և ֆիզիկական անձինք միայն 10 տարի հետո կարող են հանդես գալ մեր այսօրվա հերոսների անվամբ որևէ օբյեկտի անվանակոչման առաջարկով: Նշանակում է, օրինակ, 2012-ին Երևանի Հրանտ Դինքի անվան հ. 44 դպրոցի անվանակոչման որոշումը, որը բխում էր ողջ աշխարհասփյուռ հայության սրտից, կարգի խախտումո՞վ է եղել: Հիշենք, Հրանտ Դինքը սպանվեց 2007-ին: Վստահ եմ՝ սա վերոնշյալ կարգը շրջանցող միակ դեպքը չէ:

Մնում է ՀՀ կառավարությանը առաջարկենք նախ հիմնավորել, ապա վերանայել վերոնշյալ որոշման 19-րդ կետը, որովհետև տպավորություն ունեմ, որ երբ իշխանությունն է նախաձեռնում նման անվանակոչություն, այս կետը չեն հիշում, իսկ երբ հասարակությունն է նախաձեռնում՝ հիշում են: