Ս.թ. հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբավորման ծավալած գործողություններն առիթ դարձան, որ Երևանում, ինչպես նաև հանրապետության այլ քաղաքներում կազմակերպվեն բողոքի ակցիաներ, ցույցեր ու երթեր: Այդ իրադարձություններին ՀՀ ոստիկանությունը որդեգրեց աննախադեպ օրինախախտ ու վայրագ վարքագիծ, մինչդեռ նրա պարտականությունը պետք է լիներ կարգ ու կանոն պահպանելը՝ առանց խախտելու և սահմանափակելու քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները:

Համացանցում առկա բազում տեսագրությունները դրա վառ ապացույցն են: Սա, իհարկե, չէր կարող լինել շարքային ոստիկանի անհատական որոշումը. հրամանը «վերևից» էր տրված:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը դատապարտում է ՀՀ ոստիկանության այս գործելաոճը և առայժմ պահանջում Երևան քաղաքի ոստիկանապետի հրաժարականը, ինչպես նաև՝ պատասխանատվության ենթարկել խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններ իրագործած անձանց (ոստիկաններին և քաղաքացիական հագուստով սադրիչ-ահաբեկիչներին):

Կոչ ենք անում ավագանու մեր բոլոր գործընկերներին՝ միանալ այս պահանջին:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցություն