«Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում մի շարք ավանդույթների շարքում է Երևանի ծննդյան օրը մայրաքաղաքի հուշարձանների լվացումը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Արձանների լվացման առաքելությունն այս տարի ևս սիրով ստանձնել են Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի, ինչպես նաև այլ կամավորներ:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս արձանների լվացման աշխատանքներին աջակցել են ՀՀ ՏԿԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումները և հրշեջ փրկարարական ջոկատները՝ տրամադրելով համապատասխան տեխնիկական միջոցներ և մարդկային ռեսուրս:

Կամավորների ջանքերով լվացվել են Գայի, Հայկ Նահապետի, Վարդան Մամիկոնյանի, Ալեքսանդր Թամանյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Վիլյամ Սարոյանի, Պարույր Սևակի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Խաչատուր Աբովյանի, Եղիշե Չարենցի, Գարեգին Նժդեհի, Անդրանիկ Օզանյանի, Գևորգ Չաուշի, Արամ Խաչատրյանի, Սասունցի Դավթի և այլ հուշարձաններ: