Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Զովունի գյուղի բնակիչ, 44-ամյա Նորայր Վարդանյանը Եղվարդի խճուղու թիվ 136 հասցեի («Սոչի Պլազա» հուրանոցային համալիրի) հարևանությամբ, իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 DՏ 417 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Բակունցի փողոցի բնակիչ, 52-ամյա Արմեն Մխիթարյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ ժամը 23:30-ի սահմաններում գիտակցության չգալով՝ մահացել է:

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների օգնությամբ վիրավորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային: Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ինչպես նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը:

Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժանանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: