Կյանքի 89-րդ տարում փետրվարի 16-ին մահացել է գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Խաչատուրի Անդրանիկյանը: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ստեփան Անդրանիկյանը ծնվել է 1927 թվականի օգոստոսի 20-ին, Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Մայկոպ քաղաքում: 1932 թվականին Անդրանիկյանների ընտանիքը փոխադրվել է Երևան։ 1947 թվականին ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1954 թվականին' Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը:
1954 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1971-82 թվականն եղել է մուլտֆիլմերի միավորման գեղարվեստական ղեկավարը, 1974-82 թվականներին Հայաստանի նկարիչների միության քարտուղարը, 1998 թվականից' թատրոնի և կինոյի բաժանմունքի նախագահը: 1980-86 թվականներին և 1999 թվականից դասավանդում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
Նա է մի շարք գեղարվեստական ֆիլմերի բեմադրող նկարիչ է' «Հյուսիսային ծիածան» (1960 թ), «Տժվժիկ» (1961 թ.), «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թ.), «Նռան գույնը» (1969 թ.), «Երկունք» (1977 թ.), «Հուսո աստղը» (1978 թ.) և այլն: Ձևավորել է նաև մուլտֆիլմեր' «Արևի հարսնացուն» (1971 թ., բեմադրող ռեժիսոր, բեմադրող նկարիչ, սցենարի և մոնտաժի հեղինակ), «Վին պինգվին» (1972 թ,. բեմադրող ռեժիսոր), «Կար-չկար' մի ոզնի կար» (1977 թ., բեմադրող ռեժիսոր, նկարիչներ՝ Ստեփան Անդրանիկյան և Մ. Վաղարշյան), «Անընկճելին» (1981 թ., սցենարի համահեղինակ, բեմադ րող ռեժիսոր) և այլն: Մուլտֆիլմերի համար մի քանի անգամ արժանացել է համամիութենական կինոփառատոնի մրցանակների: Գեղանկարչական աշխատանքներից են' «Ինքնանկար» (2002 թ.), «Սերգեյ Փարաջանով», «Սոս Սարգսյան» (2003 թ.) դիմանկարները և այլն:
1967 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2011 թվականին' ժողովրդական նկարչի կոչման, 2010 թվականին' ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: