«Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանն արդեն 2 օր հացադուլի մեջ է: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, NEWS.am-ին տեղեկացրին ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից: Հայկ Կյուրեղյանը հացադուլով իր զորակցությունն է հայտնում «Սասնա ծռեր» խմբին հաց հասցրած եւ փետրվարի 9-ից հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին (Հաց բերող):

Հայկ Կյուրեղյանը հացադուլը հայտարարել է փետրվարի 22-ին, սակայն, NEWS.am-ի հետ զրույցում ՔԿՎ հանրային կապերի բաժնից հերքել էին:

Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 15-ին «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 9 տարվա ազատազրկման էր դատապարտել Հայկ Կյուրեղյանին:

Գործով բողոք էր ներկայացվել Վերաքննիչ քրեական դատարան, դատարանը անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի վճիռը: