Փետրվարի 13-ի գիշերը երկու տղամարդ մտել են Վարդաշենի փողոցի 12 փողոցի տներից մեկը: Քիչ անց հայհոյանքի ձայներ են լսվել, ներս մտածների հետ եւս 2 հոգի վիճելով դուրս են եկել, ամեն ինչ ավարտվել է դանակահարությամբ եւ մահով:
Արդեն հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վերքերով մի տղամարդու են հիվանդանոց տեղափոխել, վիճակը ծանր է: Սամվել Ս.-ն ի վիճակի չէր հաղորդում տալու: Փոխարենը հիվանդանոցում էր դանակահարվածի ընկերը: Նա ոստիկաններին պատմել է. «Գնացել ենք իրենց փողոցը, տունը իրար հետ խոսում էինք, բրդբրդում էին Սամոյին, ասում էին՝ էդքան լավություն ենք արել քո համար, արա: Սամոն էլ ասում էր՝ դե էդ իմ հացի փողն ա, ախպեր, ես տվել եմ քեզ, որ քո հարցերը լուծես, ինձ էլ քիչ-քիչ տաս, ես էլ իմ տունը պահեմ: Դուրս ենք գալիս, էդ ժամանակ վիճաբանություն ա լինում Սամվելի հետ, խփում են»:
Հանցագործության վայրում հայտնաբերվել է սեղանին դրված ուտելիք ու շշեր: Վեճի մասնակիցները, հավանաբար, խմիչքի ազդեցության տակ են եղել:
Ավելի ուշ ոստիկանները պարզել են, որ դանակահարողը Վարդաշենի 12 փողոցի բնակիչ Աբրահամ Ա.-ն: Վերջինս ոստիկաններին ասել է, որ ընկերոջը պաշտպանելու համար է նման քայլի գնացել: Տուժողին ոչ թե ինքը, այլ ընկերն էր պարտք, որն այդ գիշեր իրենց տուն էր եկել. «Եկել էին, տաքսու մեջ կռիվ էին անում, պարտքատիրոջը դանակով խփել եմ»:
Իսկ պարտք վերցրած ընկերն էլ այսպես է ներկայացրել դեպքը. «Էտի ըննենց փող չի, որ նեղություն կտար ինչ-որ մեկին, տենց մեծ փող չի: Մի կաթիլ մեղրի պատմությունն ա: Դաժե, ես զարմացել եմ, որ հետո ինքը ինչ-որ հիվանդանոցում ա, եսիմ ինչ, ես տեղյակ չեմ»:
Ավելի ուշ Սամվել Սահակյանը հիվանդանոցում մահացել է: