YN.am-ը գրում է.

Երևանի Էրեբունի վարչական շրջանը մոտավորապես մեկ ամիս է ինչ նոր ղեկավար ունի։ Հիշեցնենք, որ Հունվարի 27-ին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմին էր ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Դավիթ Գրիգորյանին:

Կարևորելով քաղաքային տնտեսության դինամիկ զարգացման գործում վարչական շրջանների աշխատակազմերի հետևողական աշխատանքը՝ Տարոն Մարգարյանը նաև հատկանշել էր, որ վարչական շրջանի նոր ղեկավար Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ ու սրտացավ աշխատանք:

Նշանակումից հետո մեկ ամիս է անցել և հետաքրքիր էր պարզել, թե վարչաշրջանին վերաբերող ինչ խնդիրներ են վերհանվել և ինչպիսի լուծումներ է գործի դնելու նոր ղեկավարը,-«Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ ես 40 տարուց ավելի է ինչ Էրեբունու բնակիչ եմ, ապա պետք է ասեմ, որ մեր վարչաշրջանի խնդիրներին ծանոթ եմ վաղուց, սակայն այս կարճ ժամանակահատվածում հասցրել եմ առանձնացնել առավել առաջնայինները և սկսել հենց դրանցից։ Թիվ մեկ խնդիրը, որի մասին գիտի ցանկացած տեղի բնակիչ, դա լուսավորությունն է։ Արդեն սկսել ենք լուծել այդ խնդիրը և մի քանի երկրորդային փողոցներ արդեն իսկ լուսավորված են։ Վարչաշրջանում կա միայն մեկ եկեղեցի, որն էլ կիսակառույց է։ Մենք այդ եկեղեցու վերակառուցման աշխատանքները արդեն սկսվել են։ Այս տարվա ձմեռը բավականին երկար տևեց և որոշակի բարենորոգման աշխատանքներ էլ եղանակային պայմաններից ելնելով սկսել չկարողացանք»,- մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Գրիգորյանը։

Բոլորիս է հայտնի, որ հայ մարդը կառավարության և քաղաքականության նկատմամբ իր հավատը կորցրել է։ Պարոն Գրիգորյանը բնակչության վստահությունը ձեռք է բերելու իր աշխատանքի և վարչաշրջանի խնդիրներին սրտացավ լինելու սկզբունքով, - «Էրեբունցին հայտնի է իր սկզբունքային ապրելակերպով և համախմբվածությամբ։ Փորձելու եմ իմ քայլերի մեջ առաջնորդվել բացառապես ի շահ բնակչության և պատասխանատու եմ հենց նրանց։ Խնդիրները մեկ օրում չեն ծառացել և հարթել մեկ օրում ևս չի հաջողվի։ Բնակչությունն ունի սոցիալական լուրջ խնդիրներ ու բնական է, որ տամադրվածությունը կարող է նաև բացասական լինել։

Մարդկանց հավատի կորուստը ժամանակի հրամայականն է, սակայն այդ նույն ժամանակի միջոցով ես ու իմ թիմը կփորձենք վերականգնել ու արդարացնել մարդկանց սպասելիքները»,- իր խոսքում ասաց Դավիթ Գրիգորյանը։