ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից այսօր՝ մարտի 28-ին, մահացու վիրավորում ստացած 20-ամյա Արտակ Ռաֆայելյանը հուլիսին զորացրվելու էր: Նա Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակիչ էր, ընտանիքի ավագ որդին: Պատանեկան հասակում զբաղվել է սիրողական բռնցքամարտով: Արտակը Գինեսի ռեկորդակիր էր՝ կարողանում էր պառկած դիրքից 11.000 անգամ հենում-ծալում վարժություն կատարել: 

Վանատուրցիները մեզ պատմեցին, որ նա լավ գնդացրորդ էր, ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Արտակը դիպուկ ու նպատակային է գործածել իրեն ամրակցված ՊԿ գնդացիրը: Լավ գնդացրորդ ու բանակի քաջարի մարտիկ՝ այսպես էին բնութագրում նրան ընկերները:

Նշենք, որ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Արտակ Ռաֆայելյանի մահվան դեպքի առթիվ։
Հիշեցնենք, որ այօսր ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտակ Էդիկի Ռաֆայելյանը: