1in.am-ը գրում է.

Քառօրյա պատերազմից հետո առաջնագիծ մեկնող պետական և քաղաքական գործիչների հիմնական արձագանքը համերաշխ հիացական է` մենք դասեր ենք քաղել քառօրյա պատերազմից, արվել են ու արվում են անհրաժեշտ աշխատանքներ, թշնամին չի համարձակվի նոր պատերազմ սկսել: Սակայն, թող ներվի ասել, այս ամենն ավելի շատ նման է քարոզչության, որը, եթե նույնիսկ իրական է կատարված աշխատանքի մասով, ապա առնվազն կասկածի տակ է դրվում նույն առաջնագծից ստացվող տեղեկատվությամբ:

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի ու գրեթե անխուսափելի թվացող պատերազմը միանգամայն նոր բնույթ է ունենալու: Բացարձակապես կասկածի տակ չեն դրվում մեր բանակի մարտունակությունը, զինվորի տոկունությունը, ապայի նվիրումը, նույնիսկ անցած մեկ տարում արված հսկայածավալ աշխատանքը, սակայն այդ ամենը կարող են ի դերև լինել, որովհետև քաղաքականության, դիվանագիության մեջ մենք համառորեն դասեր չենք քաղում ու չենք վերացնում այն պատճառները, որոնք անցյալ տարի պատերազմի սանձազերծման պատճառ դարձան: Արցախի ՊՆ-ն հաստատում է, որ երեկ, ժամը 16:30-ի սահմաններում, Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել արևելյան ուղղությամբ` մասնակի խափանելով մարտական տեխնիկայի մեկ միավոր:

Խնդիրը միայն այն չէ, որ մենք ՀՕՊ միջոց ենք կորցրել: Մեզ ավելի շատ պետք է անհանգստացնի այն հանգամանքը, որ ադրբեջանցինրը դրա ոչնչացման համար ժամանակակից հրթիռ են օգտագործել: Նշանակում է` հակառակորդը ոչ միայն ռուսների կողմից սպառազինվում է, այլ նաև, նրանց օգնությամբ, արագ յուրացնում է ժամանակակից զենքին տիրապետելու արվեստը:

Այսինքն, երեկ տեղի ունեցածը շարքային սադրանք չէ. Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի ու հաջորդ պատերազմը լինելու է գերճշգրիտ զինատեսակների պատերազմ։ Երևի հասկանալի է, որ նման պատերազմներում չես ապավինի միան զիվորի քաջությանը կամ սպայի նվիրումին:

Ամենամեծ ողբերգությունն այն է, որ մեր արտաքին քաղաքականությունն ոչ մի էական դաս չքաղեց Քառօրյա պատերազմից ու իր անորակությամբ անուղղակի նպաստում է նորի սանձազերծմանը:

Մեր դիվանագիտության ուժը հերիքում է, որպեսզի կոռուպցիայի մեջ թաթախված Խաչատուրովը բազմի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին, բայց, ըստ էության, չենք կարողանում հաղթահարել ռուսահպատակությունը և լռելայն հետևում ենք, թե ինչպես է Ռուսաստանը սպառազինում Ադրբեջանին, նույնիսկ Երևանում հարթակ ենք տրամադրում Կրեմլի պրոպագանդիստսկան էմիսարներին, ովքեր ցինիզմով հիմնավորում են ռուս-ադրբեջանական գործակցությունը: Ավելի մեծ անարգանք Քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին` հնարավոր չէ պատկերացնել:

Քառօրյա պատերազմը սանձազերծվեց, որովհետև խաղաղության իրական ջանքերը փոխարինվեցին ռուսական միակողմանի, սեպարատ նախաձեռնություններով: Անցյալ ամիս Մոսկվան փորձեց վերակենդանացնել կարգավորման եռակողմ ձևաչափը, և Նալբանդյանը շտապեց Մոսկվա: Լավրովի պարտադրանքով, թե խնդրանքով` էական չէ, որովհետև վերակենդանանում է մի ֆորմատ, որն իր մեջ պատերազմի վերսկսման լուրջ ռիսկ է պարունակում: Դրան նպաստում է մեր անդեմ արտաքին քաղաքականությունը, որը պատասխանատու է Քառօրյայի զոհերի համար և պատասխանատու կլինի այն կորուստների համար, որ ունենալու ենք անխուսափելի թվացող նոր պատերազմում:

Նյութի աղբյուրը՝  1in.am