Sputnik Արմենիան պատմում է 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին Երևանում գործող զովացուցիչ ընպելիքների «Լաստո» գործարանի մասին:

Այսօր թերևս քչերն են տեղյակ այն ուշագրավ փաստի մասին, որ 20-րդ դարասկզբին Թիֆլիսի հանրահայտ «Լագիձե» ընկերության գազավորված մրգային ջրերի արտադրությունը միակը չէր մեր տարածաշրջանում: Նահանգային կենտրոն Երևանում նույնպես մեծ հաջողությամբ իր գործունեությունն էր ծավալում լիմոնադի և հանքային ջրերի մեկ այլ ձեռնարկություն: «Լաստո» անունը կրող զովացուցիչ ըմպելիքների երևանյան գործարանը հիմնադրվել էր 1892 թվականին գործարար և բարեգործ Խաչատուր Գիլանյանի կողմից, և այն փաստացի առաջին նմանատիպի գործարանը հանդիսացավ ներկայիս Հայաստանի տարածքում: Խաչատուր Գիլանյանը ծնվել է Երևանում 1864 թվականին: Նախնական կրթությունը ստացել է Երևանի պրոգիմնազիայում, ապա սկսել է ուսանել Էջմիածնի ճեմարանում, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողանում ավարտին հասցնել ուսումը: Խաչատուրը մեկնում է Բաթում, որտեղ սկսում է աշխատել հայ գործարարներ Ծովյանների լիմոնադի գործարանում: Այստեղ էլ հենց նա ստանում է այն անհրաժեշտ աշխատանքային փորձն ու մասնագիտական հմտությունները, որոնք շուտով այդքան պետք էին գալու իրեն՝ սեփական գործը կազմակերպելու համար:

1892-ին Գիլանյանը վերադառնում է Երևան և հիմնում այստեղ մրգային զովացուցիչ ըմպելիքների` իր դեռևս փոքր արտադրությունը: Գիլանյանի ձեռնարկած գործը հաջողություն է ունենում, և Արարատյան դաշտավայրի դեղձի, ծիրանի, սալորի և այլ մրգերի համերով ըմպելիքները սիրվում են երևանցիների կողմից:

Լիմոնադի արտադրության ծավալները գնալով ավելանում են, և շուտով Գիլանյանը որոշում է հիմնել նաև գազավորված հանքային ջրերի արտադրություն, որը պատրաստվում էր Եվրոպայից ներկրված սոդայի հումքից: Այս ձեռնարկումը նույնպես հաջողվում է, և «Լաստո» գործարանի արտադրանքի համբավն արդեն տարածվում է Կովկասով մեկ: Առավել հայտնի էին Գիլանյանի գործարանի «Սիտրո» և «Վեներա» լիմոնադները, Կառլսբադյան (Կառլովի Վարի) հանքային ջուրը, որը նաև բուժիչ հատկություններ ուներ: Սակայն բոլորին գերազանցեց «Կոֆե» անվանումով և սրճային յուրահատուկ բույր ու համ ունեցող գազավորված զովացուցիչ ըմպելիքը, որն ընդհանրապես նմանատիպի առաջինն էր մեր տարածաշրջանում: Գիլանյանի երևանյան լիմոնադն արդեն սկսում են ճանաչել նաև Կովկասից դուրս: 1897 թվականին Կիևում կազմակերպված համառուսաստանյան գյուղատնտեսական ցուցահանդեսին «Լաստո» գործարանի արտադրանքը իր բարձր որակի համար ստանում է բարձրագույն մրցանակ, իսկ 1898-ին Պրահայի միջազգային ցուցահանդեսում արժանանում է ոսկե մեդալի: Հաջողությունն այնքան մեծ է լինում, որ Գիլանյանը գործարանային մասնաճուղ է բացում Թիֆլիսում, որտեղ նմանատիպի արտադրանքի իրացման իր մնայուն շուկան արդեն ուներ «Լագիզե» ընկերությունը:

Նշենք, որ Խաչատուր Գիլանյանը հայտնի է եղել նաև որպես հասարակական գործիչ և բարերար: Մասնավորապես, նա մեծ օգնություն է ցուցաբերել առաջին աշխարհամարտի արհավիրքներից մազապուրծ եղած և Երևանում ու Էջմիածնում ապաստանած արևմտահայ փախստականներին՝ տրամադրելով նրանց ժամանակավոր կացարաններ, հագուստ, սնունդ և այլն:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո Գիլանյանի գործարանը ազգայնացվում է, և շուտով այն վերաբացվում է որպես լիմոնադի արտադրման պետական ձեռնարկություն: Այդ տարիներին Խաչատուր Գիլանյանը աշխատանքի է անցնում նախկինում իր սեփականությունը հանդիսացող գործարանում՝ դառնալով ըմպելիքների պատրաստման մասնագետ և աշխատում է այնտեղ մինչ իր մահը՝ 1932 թվականը:

Տեղեկացնենք, որ Երևանի «Լաստո» լիմոնադի գործարանը տեղակայված էր Երևանի կենտրոնում, Խաչատուր Գիլանյանի եկամտաբեր տան մասնաշենքում՝ Տեր-Ղուկասովի փողոցի վրա (հիմա՝ Վազգեն Սարգսյանի փողոց): Շենքը ընդլայնվել և հիմնովին վերակառուցվել էր 1907 թվականին՝ ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով: Այն երկհարկանի էր, ուներ մեծ նկուղներ, առաջին հարկում գործարանի արտադրամասերն էին, իսկ երկրորդ հարկում գտնվում էր շենքի բնակելի հատվածը: Մի քանի տարի առաջ այն քանդվեց, իսկ տեղում կառուցվեց բիզնես կենտրոն: