«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունը կառավարության առաջիկա նիստի քննարկման է առաջարկել փոփոխություններ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում: Այդ փոփոխությունների հիմնական բովանդակությունն այն է, որ խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք են ձեռք բերում ՀՀ Սահմանադրական դատարանի անդամները:

Սահմանադրական դատարանի անդամների՝ հավաքներին մասնակցելու սահմանափակումների վերացումը, իհարկե, չափազանց կարեւոր դրույթ է, եւ դա հենց այն էր, ինչը չէր բավականացնում Հայաստանը աշխարհին՝ ամենաժողովրդավարական երկրների շարքում հայտնվելու համար: Օրենսդրական այս փոփոխությունից հետո, թերեւս, մեր ՍԴ անդամներն արդեն «արխային» դուրս կգան փողոց եւ իրենց պահանջներն ու դժգոհությունները կհայտնեն, ինչի իրավունքից նրանք զրկված են եղել մինչեւ հիմա: Սա լրջագույն ձեռքբերում է Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին:

Համենայնդեպս, այսպիսի տպավորություն կարելի է ստանալ փոփոխությունների նախագծին կցված հիմնավորումներից: Նախագիծը մշակած ՀՀ արդարադատության նախարարության պատասխանատուները գրում են. «Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների գլխում բավականին ծավալուն անդրադարձ կատարվեց հավաքների ազատության իրավունքին: Հավաքների ազատության պաշտպանությունը առանցքային նշանակություն ունի ժողովրդավարական պետության համար` հանդիսանալով քաղաքացիական հասարակության կայացման, հասարակության անդամի կողմից հանրության շրջանում իր կարծիքն ազատորեն արտահայտելու, հանրային կարծիքի ձեւավորման գործընթացին մասնակցելու եւ ժողովրդաիշխանության իրականացման անհրաժեշտ նախապայման, հասարակության, նրա առանձին շերտերի ու խավերի եւ իշխանության միջեւ երկխոսության գործուն միջոց:

Այս իրավունքի կարեւորությունը ընդգծվել է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից...»:

Առաջարկվող այս փոփոխությունից կարելի է նաեւ մոտավոր պատկերացում կազմել, թե որքան հեղափոխական ազդեցություն են ունենալու Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները, քանի որ օրինագծի մշակումը թելադրված է ՀՀ Սահմանադրության «բարեփոխումներով»: Բերված օրինագծի կարեւորությունը ընդգծվում է նաեւ նրանով, որ այն կառավարության նիստի օրակարգում է հայտնվել Սահմանադրության օրվան ընդառաջ: Մնում է հուսալ, որ հանրահավաքի դուրս եկած ՍԴ անդամների դեմ ջրցաններ չեն կիրառի, քաղաքացիական հագուստներով ու դեղերի տակ գտնվող ոստիկանները նրանց քացու տակ չեն առնի, ու նրանց քաղմասներ չեն տանի մի քանի օրով, ինչպես լինում է հանրահավաքների ու երթերի մասնակցող սովորական մահկանացուների դեպքում մեր՝ այլեւս աշխարհի ամենաժողովրդավարական երկրում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում