Բժիշկ-ֆլեբոլոգ, անոթային վիրաբույժ Քյարամ Ազատյանը հայտարարել է, որ սառը ձեռքերը կարող են ազդարարել առողջական խնդիրների մասին, փոխանցում է Лента պարբերականը։ Բժիշկը բացատրել է, որ որոշ դեպքերում սառը ձեռքերը ֆիզիոլոգիական նորմ են, օրինակ՝ ցուրտ եղանակին, երբ օդի ջերմաստիճանը ցածր է։

«Բայց եթե ձեր ձեռքերը սառն են՝ անկախ եղանակից և սենյակի ջերմաստիճանից, ապա դա կարող է մատնանշել որոշ առողջական խնդիրներ»,- շեշտել է նա:

Ազատյանը սառը ձեռքերն անվանել է այնպիսի լուրջ հիվանդությունների նշան, ինչպիսիք են աթերոսկլերոզը և շաքարախտը։ Բացի այդ, այս ախտանիշը կարող է վկայել վահանաձև գեղձի հիվանդության և հորմոնալ այլ խանգարումների մասին: Սառը ձեռքեր նկատվում են նաև Ռեյնոյի հիվանդության դեպքում, երբ խանգարվում է ձեռքերի և ոտքերի արյան մատակարարումը ծխող մարդկանց և արյան ցածր ճնշում ունեցող հիվանդների մոտ:

«Պատճառները կարող են շատ լինել, և նման խնդիր ունեցող մարդուն օգնելու համար խորհուրդ ենք տալիս առաջին հերթին հրաժարվել վատ սովորություններից, ֆիզիկական ակտիվություն և սպորտ ավելացնել կյանքին, լսել բժիշկների խորհուրդները, պարբերաբար վերահսկել զարկերակային ճնշումը և արյան մեջ խոլեստերինի մակարդակը»,- խորհուրդ է տվել մասնագետը։