ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում, ս. թ. ապրիլի 29-ին Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղի Նիկոլ Դումանի տուն-թանգարանի տարածքում առաջին անգամ կազմակերպելու է «Ժենգյալով հացի փառատոն»:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության յուրաքանչյուր շրջան փառատոնին ներկայանալու է արցախյան ամենաճանաչված ուտեստի՝ ժենգյալով հացի պատրաստման գործում հմուտ և արհեստավարժ մասնակիցներով: Փառատոնին ներկայացվելու է Ժենգյալով հացի պատրաստման ողջ գործընթացը, որն ուղեկցվելու է ուտեստի հետաքրքիր մատուցմամբ:

Փառատոնի նպատակն է՝ արցախյան ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումն ու հանրահռչակումը, ազգային ավանդույթների, սովորույթների, ազգագրական առանձնահատկությունների հանդեպ հոգածության և հարգանքի արմատավորումը:

Ժենգյալով հացը, իրավամբ, համարվում է արցախյան խոհանոցի «այցեքարտը»: Ալյուրից, կանաչեղենից, ձեթից ու համեմունքներից պատրաստվող բացառիկ այս ուտեստÝ Արցախում պատրաստվում է վաղուց, իսկ գրավոր աղբյուրներում հիշատակվել է XIX դարի վերջերին, երբ գրավոր ավանդվել է արցախյան բանահյուսությունը: 2013թ. ժենգյալով հացն ընդգրկվել է ԼՂՀ կառավարության կողմից հաստատված՝ Արցախի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում:
Ժենգյալով հացի փառատոնը ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ Արցախյան խոհանոցի փառատոնի շրջանակներում կազմակերպվող երրորդ միջոցառումն է: 2014թ. Ասկերանի շրջանի Խանցք գյուղում կազմակերպվել է թոնրահացի, Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում՝ արցախյան թթվի փառատոնը:

Միջոցառման մեկնարկը կտրվի ապրիլի 29-ինª ժամը 13:00-ին: Փառատոնը կուղեկցվի ավանդական հյուրասիրությամբ, հետաքրքիր խաղ-մրցույթներով, համերգային ծրագրով, արցախյան մշակույթի ներկայացման այլ միջոցառումներով:

Մուտքն ազատ է: