Այսօր՝ ապրիլի 29-ին, ՀՀ ՏԿԱԻՆ oդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն լրագրողների հետ զրույցում ներկայացրեց առաջիկա օրերի և մայիս ամսվա եղանակի ու կլիմայական պայմանների կանխատեսումը: Նա ամփոփեց նաև ապրիլ ամսվա եղանակի տեսությունը:

Գագիկ Սուրենյանը նշեց, որ ապրիլին տեղումները եղել են նորմայից մի փոքր ավելի, ՀՀ ողջ տարածում օդի ջերմաստիճանը նվազել է, չնայած այս ամենին՝ Արարատյան դաշտավայրում ցրտահարության դեպք չի արձանագրվել:

Մայիս ամսվա ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում, տեղումները՝ կրկին կլինեն նորմայից ավելի:

«Մայրաքաղաքում ամսվա առաջին օրերին կդիտվեն որոշակի ցուրտ զանգվածներ ներխուժումներ, գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի մինչև պլյուս 5 -7 աստիճան, իսկ ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակում ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի 28-30 աստիճանի սահմաններում: Մայիս ամսին հիմնականում ամպրոպները կուղեկցվեն քամու ուժգնությամբ, իսկ առաջիկա օրերին մենք սպասում ենք անկայուն եղանակ, որը բնորոշ է մայիս ամսին»,- մանրամասնեց նա:

Բանախոսը հայտնեց, որ մայիսի 1-ին և 3-ին տեղումներ հիմնականում կլինեն Լոռու, Շիրակ և Տավուշի մարզերում: Մինչև մայիսի 4-ը չեն սպասվում օդի ջերմաստիճանի էական փոփոխություններ: Երևանում գիշերը պետք է սպասել 11-13 աստիճան տաքություն, իսկ ցերեկը՝ 24-26 աստիճան տաքություն:

Գագիկ Սուրենյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ այս գարունը շատ նման է 2010 թվականի գարնանը. թեև կանխատեսումների համար դեռ վաղ է, սակայն սովորաբար նման տաք ձմեռներին հաջորդում ջրառատ և զով ամառներ: