«Այսօր մեր այստեղ հավաքվելու առիթը, ոչ թե պատճառը, գրողների միության այգում կատարվող բարբարոսությունն է: Սա մի օրինակ է, ամենաթարմ օրինակը: Այդպիսի օրինակներ մենք շատ ունենք: Հենց այս պահին տարվող շինարարական աշխատանքները մտահոգիչ են: Գրողների միության բակը ավերվում է, այգին` ոչնչանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

Այս խնդրի մասին Արմեն Պողոսյանը ահազանգել է դեռ 2013 թվականից, սակայն ոչ մի դրական և սրտացավ պատասխան չի ստացել: Նրա խոսքով համապատասխան աշխատանքներ չեն տարվում:

«Ինչպես կարելի է տարածքը ամբողջությամբ բետոնապատել: Նրանք իրավունք ունեն միայն 30% շինարարական աշխատանք կատարել: Բայց երևի նրանք դա լավ չեն հասկանում»,- ասաց Արմեն Պողոսյանը՝ շարունակելով. «Կառավարությանը այս քայլից հետո, պետք է ասել, հաջողություն և ուղարկել տուն»: Այժմյան երիտասարդությունն է մտահոգված այս հարցով, իսկ կառավարությունը բոլոր հարցերին պատասխանում ` «պոշլի անի»:

Բանախոսական կազմում էր նաև իրավապաշտպան Պուշկին Սերոբյանը, ով նույնպես իր մտահոգությունը հայտնեց այս հարցի շուրջ. «Մեր խոսքը շատ կարևոր է, մենք պետք է ընդվզենք: Օրենքով արգելվում է կայանելը, իսկ նրանք ոչնչացնում են բնությունը` բետոնապատելով: Կարող են դադարեցնել աշխատանքները, իսկ եթե չեն կարողանում, թող դիմեն մեզ` սիրով կօգնենք»: