Այսօր «Ելակետ» մամուլի ակումբի հյուրն էր Հայաստանի լավագույն խոհարարը համարվող Սեդրակ Մամուլյանը:

-Արագ սննդի համակարգը քաղցկեղի պես տարածված է ամբողջ աշխարհում, բայց երկրներ կան, որոնք արգելքներ են դրել արագ սննդի ցանցերի վրա: Եթե «արագ» բառը պատրաստելուն է վերաբերում, կարող ենք այն «կարելի» համարել, սակայն եթե վերաբերում է արագ ուտելուն, սա սարսափելի է, քանզի օրգանիզմն ունի սնվելու ժամ և ձև, և իրեն արագ սնվելու փորձությանը ենթարկելը շատ վտանգավոր է:
Այն հարցին, թե ինչու՞ է արագ սնունդը տարածված հենց երիտասարդության շրջանում, բանախոսը պատասխանեց.
-Արագ սննդի ցանցերը սնկի պես աճում են ուսումնակի վայրերի տարածքում, որովհետև ուսանողները միշտ շտապում են ու ժամանակ չունեն, բայց օրգանիզմին սնվելուց 15-20 րոպե առաջ պետք է նախապատրաստել՝ գոնե ջուր կամ թան խմելով: Բայց հարստության ետևից վազող սննդի արտադրողները ժամանակ չունեն՝ դրա մասին մտածելու:
Այն հարցին, թե իր կարծիքով ինչու՞ հայկական ֆասթֆուդերնը չընդունեցին մեր հրավերը, բանախոսը պատասխանեց.
-Արագ սննդի հայկական կազմակերպությունները որոշ չափով ընդունելի են, քանի որ եթե սնունդը պատրաստվում է հայկական լավաշով, մի քիչ կարելի է հասկանալ: Իսկ եթե դասական ֆասթ ֆուդի «օգտակարության» մասին խոսենք, էստեղ թե՛ լցոնը, թե՛ հատկապես հացը, սարսափելի վատ վիճակում են: Դրանք քիմիական խմորիչներով պատրաստված, շատ արագ թթվածության աստիճանի հասցված խմորներ են...իբր թե ինչքան փափուկ, այդքան լավ:

Մեր ավագ սերնդի ներկայացուցիչներն ունեցել են իրենց ժամանակի «արագ սնունդը», եթե համարենք, որ լավաշով պատրաստված բուռումները արագ սնունդ էին, բայց սա իհարկե հավասարակշռված երևույթ է եղել, այսինքն բնական մսից, բանջարեղեններից պատրաստված, բայց մենք բուռումներով մեր երեխաներին քաղցած ժամանակ չենք կերակրել, այսինքն դա չի դարձել կենցաղ, դա եղել է հավելյալ սնունդ:
Բայց այս պայմաններում այդ «շաուրմա» կոչվող հակասնունդը և՛ բողանդակության մեջ, և՛ բառի նշանակությամբ, հակահայկական է: Ինչքա՞ն պետք է մենք արժանապատվություն չունենանք, որ նշենք հարյուրամյա տարելիցը՝ ամեն օր թուրքական շաուրմա ուտելով: Սա արժանապատվության կորստի հետևանք է և ամեն գնով փող աշխատելու միջոց:

Մենք համարում ենք, որ սննդի որոշ տեսակներ օգտագործվում են որպես զենքի տեսակ, որովհետև երիտասարդության առողջական խնդիրներն ուսումնասիրող յուրաքանչյուր մարդ կվկայի, որ լուրջ անելիքներ ունենք: Դա զենքի մի տեսակ է, որի միջողով կարելի է մարդուն զոմբիացնել և դա կարող է լինել սերնդի շարունակականությունը ընդհատելու մի միջոց:

Այսօր մենք չենք գտնում մեր տեղական սորտի բանջարեղեն, ի՞նչ է՝ չի՞ աճում, թե՞ սկսեց ճաչել: Ո՛չ, ուղղակի մեզ շատ է հարկավոր գումար, իսկ այդ արհեստական սորտերը, որ ներկրվել են, շատ բերքատու են: ԵՎ շատ փող աշխատելով՝ մենք ծառայություն ենք մատուցում օտարին, ով շահագռգռված է մեր առողջությունը վատացնելու: Այսպիսով՝ համընկնում է նրանց այդ ցանկությունը մեր փող աշխատելու ցանկության հետ, և քարոզչամեքենան աշխատում է:
Իսկ մեր գործարարները այդ փողերը կարող էին ծախսել մեր որևէ ազգային սննդի բրենդ ստեցծելու և տարածելու վրա:

Պարոն Մամուլյանն առաջարկեց արագ սնունդը փոխարինել հայկական ապուրներով, թանապուրների տեսակներով, որոնք վաճառվում են հայկական շուկայում և շատ ավելի նախընտրելի են համբուրգերներից և պիցաներից: